երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Դավիթ Սահակյանցն ահազանգում է՝ իշխանությունն իրեն զրկում է ստուդիայի տարածքից

Դավիթ Սահակյանցն ահազանգում է՝ իշխանությունն իրեն զրկում է ստուդիայի տարածքից

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին պատկանող «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի, որը գործում է Երևանի Վարդանանց փողոցի 30 հասցեում, զրկվում է պետության կողմից անհատույց տրամադրված տարածքից։ Այս մասին ահազանգել է անձամբ Սահակյանցը։

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ կառավարության որոշման համաձայն` Սահակյանց ստուդիային զրկում են տարածքից, որը տրամադրվել էր անհատույց 2014 թ․-ին կնքված պայմանագրով և դեռ երկար տարիներ պետք է ծառայեր երեխաներին և ուսանողներին կրթելու, բազմաթիվ երեխաների հյուրընկալելու՝ հայկական անիմացիային ծանոթացնելու և նոր անիմացիոն ֆիլմեր ու նախագծեր ստեղծելու նպատակով։ Ոմանք կարծում են, որ դա այնքան էլ կարևոր գործ չէ․․․»:

Սահակյանցը սոցցանցի իր էջում նաև նշել է, որ դեռ առնվազն 10 տարի կարող էին աշխատել ու դասավանդել, բայց գործող իշխանությունը միայն մեկ նպատակ ունի` քանդել, ոչնչացնել և վրեժխնդիր լինել նրանցից, ովքեր իրենց դեմ են։

Իրավիճակով պայմանավորված, «Սահակյանց» անիմացիոն ստուդիայի դասընթացների նոր ուսումնական տարվա ընդունելությունը հետաձգվում է անհայտ ժամանակահատվածով։

 

  • Կիսվել: