ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դավիթ Համբարձումյանն անդրադարձել է օրերս Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը

Դավիթ Համբարձումյանն անդրադարձել է օրերս Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը

Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն անդրադարձել է օրերս Մասիսի համայնքապետարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունը։  Համայնքապետը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Մեր համայնքապետարանում օրերս տեղի ունեցավ ողբերգական իրադարձություն, որի մանրամասներն այս պահին գտնվում են իրավապահ մարմինների քննության ներքո:
 
Առ այս պահն առիթ չեմ ունեցել իրավապահների աշխատանքի պրոֆեսիոնալության նկատմամբ կասկած հայտնելու, սակայն նույնը չեմ կարող ասել որոշ ԶԼՄ-ների մասին:
 
Ցանկանում եմ արձանագրել, որ «Ազատություն» ռադիոկայանը որդեգրել է ցածր և զազրելի գործելաոճ՝ ըստ իր քաղաքական նախասիրությունների փորձելով շահարկել մարդու արյունը, մահվան հանգամանքները և հարազատների վիշտը:
 
Գործելաոճի ստորությունն այն է, որ լրատվամիջոցը փորձում է վշտի մեջ գտնվող և իրենց հարազատի մահվան հանգամանքներին բացարձակապես անտեղյակ ընտանիքի անդամներից կորզել ենթադրություններ և տիրաժավորել այդ ենթադրությունները՝ փորձելով հերթական անգամ վարկաբեկել իրենց քաղաքականապես անհնազանդ գործիչներին, տվյալ դեպքում՝ ինձ:
 
Ցավում եմ, որ իրեն լրատվական համարող կառույցը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, ունակ է ստորաբար շահարկել մարդու մահվան հանգամանքները: Սա անընդունելի է ու դուրս է թե լրագրողական և թե մարդկային էթիկայի նորմերից:
 
Նշեմ, որ «Ազատություն» ռադիոկայանի անընդունելի գործելաոճի վերաբերյալ պատրաստվում եմ նամակ ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և ԱՄՆ կառավարությանը, որպեսզի ամերիկյան հարկատուները ևս տեղյակ լինեն իրենց հարկերից ֆինանսավորվող կառույցի ցածրակարգ աշխատաոճի մասին:
Համբերություն բոլորիս…»

  • Կիսվել: