երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատապարտում ենք տնտեսության ոլորտում գործող անձանց նկատմամբ նման խիստ մոտեցումը․ «Մանթաշյանց» միությունը՝ «Սիներջի»-ում կալանավորումների մասին

Դատապարտում ենք տնտեսության ոլորտում գործող անձանց նկատմամբ նման խիստ մոտեցումը․ «Մանթաշյանց» միությունը՝ «Սիներջի»-ում կալանավորումների մասին

«Մանթաշյանց» գործարարների միությունը հայտարարություն է տարածել «Սիներջի» ընկերության և Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների կալանավորումների վերաբերյալ․

«Վերջերս հակակոռուպցիոն բնույթի չարաշահումների գործով կալանավորվել են տնտեսության ոլորտում գործող մի շարք անձինք, այդ թվում տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ընկերություններից մեկի ղեկավարը, մի շարք աշխատակիցներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ և այլն:

Մանթաշյանց գործարարների միությունը, որպես հայկական ամենամեծ գործարար միություն՝ միանշանակ օրենքի բացարձակ գերակայության կողմնակիցն է, սակայն համաչափության սկզբունքը պահպանելը նույնպես շատ կարևոր է:

Մանթաշյանց գործարարների միությունը դատապարտում է տնտեսության ոլորտում գործող անձանց նկատմամբ նման խիստ մոտեցումը, որի ընթացքում հաշվի չի առնվում ոչ նախկին գործունեությունը, ոչ ընտանեկան կարգավիճակը, ոչ տարիքը, ինչպես նաև տնտեսական գործունեության ոլորտում գործունեության կարևորությունը:

Գործարար ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ են մեր տնտեսության հիմքը, հարկեր ստեղծողները և իրենց ամեն օրը անազատության մեջ կարող է բացասական հետևանքներ ունենալ ընկերությունների՝ հետևաբար նաև տնտեսության վրա:

Մանթաշյանց գործարարների միությունը միշտ ջատագովն է եղել բիզնես օմբուդսմենի ստեղծման գաղափարին, որպեսզի մարդու իրավունքների տեսանկյունից գործարարներին առանձնահատուկ ուշադրություն դարձվի՝ տնտեսության վրա բացասական արդյունքները հնարավորինս մինիմալացվեն՝ տնտեսական ոլորտում գործունեությունն ավելի գրավիչ ու անվտանգ դարձնելու համար:

Այս վերջին դեպքերը նույնպես գալիս են մեզ ապացուցելու, որ բիզնես օմբուդսմենը անհրաժեշտ ինստիտուտ է ՀՀ տնտեսական անվտանգության համար»:

  • Կիսվել: