շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Դատախազության 2026 թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ կավելանա 712 մլն դրամով

Դատախազության 2026 թ. բյուջեն նախորդ տարվա համեմատ կավելանա 712 մլն դրամով

ԱԺ պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 29-ին շարունակվել է «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ արդարադատության նախարարությանը 2026 թվականի համար առաջարկվում է հատկացնել 24 մլրդ 3 մլն դրամ, որը 187 մլն դրամով ավելի է, քան 2025 թվականի հաստատված բյուջեն:

Բարձրագույն դատական խորհրդին առաջարկվում է հատկացնել 16 մլրդ 845 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ բյուջեն նվազել է 308 մլն դրամով:

Դատախազության՝ 2026 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ կավելանա 712 մլն դրամով և կկազմի 10 մլրդ 638 մլն դրամ: Ըստ երկրի ֆինանսական բլոկի ղեկավարի՝ բյուջեի ավելացումը հիմնականում պայմանավորված է ապարատային ծախսերի ավելացմամբ:

Պետական վերահսկողության ծառայությանն առաջարկվում է հատկացնել 2025 թվականի համար հաստատված բյուջեից 168 մլն դրամով ավելի կամ 1 մլրդ 102 մլն դրամ: Սա էլ պայմանավորված է որոշ գործառույթների՝ ՊՎԾ տեղափոխման և հաստիքների ավելացման հանգամանքով:

Ֆինանսական փաստաթղթով պակասել են նաև Ազգային ժողովի ցուցանիշները: 2026 թվականի համար խորհրդարանին առաջարկվում է հատկացնել նախորդ տարվա համեմատ 68 մլն դրամով պակաս գումար: Բյուջեն կկազմի 7 մլրդ 4 մլն դրամ:

ՀՀ նախագահի աշխատակազմին առաջարկվում է հատկացնել նախորդ տարվանից 40 մլն դրամով պակաս կամ 1 մլրդ 618 մլն դրամ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի համար նախատեսվել է 1 մլրդ 520 մլն դրամով բյուջեի ավելացում: Այն կկազմի 25 մլրդ 804 մլն դրամ: Ֆինանսական ցուցանիշի ավելացումը, ըստ ֆինանսների նախարարի, հիմնականում պայմանավորված է հաջորդ տարի Հայաստանում պլանավորվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման հանգամանքով, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ ծախսերով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է հատկացնել 7 մլրդ 20 մլն դրամով ավելի, քան 2025 թվականին: Բյուջեն կկազմի 7 մլրդ 513 մլն դրամ: Սա էլ պայմանավորված է 2026 թվականին պլանավորվող Ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացմամբ:

405 մլն դրամ է առաջարկվում հատկացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Նախորդ տարվա համեմատ բյուջեն կպակասի 15 մլն դրամով:

Սահմանադրական դատարանի բյուջեն կավելանա 41 մլն դրամով: Այն կկազմի 912 մլն դրամ: 

  • Կիսվել: