կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը

Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը

Օգոստոսի 9-ին ԶԼՄ-ներում հրապարակում է տարածվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ընթացքում հնչել են նաև կրակոցներ և կան վիրավորներ։
 
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից հայտնում են, որ կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հրազենային վնասվածքով որևէ անձ չկա։

«Օգոստոսի 9-ին՝ ժամը 00.40-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ վիճաբանություն է։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ միջադեպին մասնակից մի խումբ անձանց վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի արդյունքում միմյանց հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով միջադեպին մասնակից մի քանի անձ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները պարզվում են»,- ասված է ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: