Դարձյալ ակտիվացել են հեռախոսազանգով զեղծարարությունները․ հայտարարություն
Վերջին շրջանում դարձյալ ակտիվացել են հեռախոսազանգով զեղծարարությունները։ Այս մասին ասվում է Ամերիաբանկի տարածած հաղորդագրության մեջ։
«Այս անգամ զեղծարարները ներկայանում են որպես հեռահաղորդակցության օպերատորի աշխատակիցներ և առաջարկում են ակտիվացնել 5G անվճար ցանցը։
Հեռահաղորդակցության ոլորտի մեր գործընկերներն արդեն զգուշացրել են Ձեզ, որ 5G ցանցն ավտոմատ է ակտիվանում և դրա համար որևէ հավելված տեղադրել կամ լրացուցիչ կարգավորում անել պետք չէ։
Բայց մենք մտածեցինք, որ ևս մեկ անգամ այս մասին հիշեցնելը զերծ կպահի Ձեզ զեղծարարության զոհ դառնալուց։
Եկեք ծանոթանանք, թե այս անգամ ինչպես են գործում զեղծարարները․
Զեղծարարներն ասում են, որ բաժանորդի համարը կանջատվի, եթե նա չկատարի 5G անվճար ցանցին միանալու կարգավորումները
Այնուհետև WhatsApp-ի կամ այլ հավելվածի միջոցով բաժանորդին ուղարկում են կասկածելի ծրագիր կամ հղում, խնդրում անջատել անվտանգության համակարգերը և տեղադրել այդ ծրագիրը
Խնդրում ենք չանցնել կասկածելի հղումներով և չներբեռնել որևէ ծրագիր։
Եկեք միասին պաշտպանենք Ձեր անձնական տվյալները և ֆինանսական միջոցները», - նշված է բանկի հաղորդագրության մեջ։


