Դադարեցվել է գազի արտահոսքը, կա 1 տուժած. կողքի մասնաշենքից մարդկանց տարհանել ենք. Երևանի փրկարարական վարչության պետ
Շենքը պահեստամաս է եղել, փլուզում է տեղի ունեցել, կանչը ստացել ենք այսօր ժամը 10.13–ին, արձագանքող խմբերը այդ ժամին տեղում են գտնվել, կատարվել է հետախուզություն, հետախուզության արդյունքում գազի արտահոսք է տեղի ունեցել, որը դադարեցվել է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության պետ գնդապետ Գալստյանը՝ անդրադառնալով դաշնամուրի նախկին գործարանում փլուզման դեպքին։
«Տարահանվել են կողքի մասնաշենքի աշխատակիցները, տարածքի սահմանազատում է կատարվել։ Ունեցել ենք մեկ տուժած, ով ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է: Տուժածը դրսում է եղել, ներսում տուժածներ չունենք: Սա սննդի պահեստամաս է եղել»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ փլատակներում մարդիկ մնացած լինեն, Գալստյանը պատասխանեց. «Մեր հետախուզությունից հետո նաև մեր փրկարար ծառայության կինոլոգիան է աշխատել և ոչ մի բան ցույց չի տվել։ Դրանից հետո մենք տնօրենի հետ ենք խոսել, տնօրենը ասում է, որ մարդ չկա, բոլորը տարհանվել են։
Նախնական վարկած չեն կարող ասել, փլուզում է տեղի ունեցել, դա արդեն կխոսեն այլ՝ փորձագիտական ծառայությունները։ Այս պահին անվտանգության աշխատակիցներն անվտանգություն են ապահովում»։


