Ցորենի մասով «PR ակցիա» էին անում, ապաշրջափակումը կլիներ նա, որ բեռները գային, օրինակ, Իջևանի կայարան. Դանիելյան
Ցորենի ոչ միայն որակը, այլև արժեքն է կարևոր. Այսինքն ինչ է նստում ղազախական ցորենի Հայաստան գալը. Մենք հարցումներ ենք պատրաստել, որոնք կուղարկենք պատկան մարմիններին՝ հասկանալու համար այց ցորենի ինքնարժեքը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով նրան, որ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով, երկաթգծով 4–րդ կարգի ցորեն է ներմուծվել Հայաստան, որը օգտագործվում է որպես անասնակեր։
«Ցորենը, որ վագոններով գալիս է, այդ վագոնները պետք է հետ ուղարկվեն։ Եթե դրանք դատարկ են հետ ուղարկվում, ինքնարժեքը լրացուցիչ ավելանում է։ Երկրորդը, այդ բեռները եկել են Վրաստանի տարածքով, այսինքն Վրաստանին որպես տարանցիկ երկիր, պետք է գումարներ վճարենք։ Այս առումով գնագոյացումը շատ կարևոր է, առաջիկայում մենք կպարզենք, թե մեկանգամյա եկած ցորենի գալու պատճառները որոնք են։
Ինչ վերաբերում է որակին, պետք է պարզաբանումներ մտցնեն, թե դա ինչ ցորեն է, ոչ թե PR ակցիա անեն, ասեն՝ այլևս վերջ, ճանապարհները սրանով ապաշրջափակվում են, Հայաստանը արդեն այլընտրանքներ ունի և այլն.,–ասաց նա։
Գառնիկ Դանիելյանը համաձայն չէ, որ սրանով տեղի է ունենում Հայաստանի ապաշրջափակում. «Ապաշրջափակումը կլիներ նա, որ բեռները գային, օրինակ, Իջևանի կայարան։ Ղազախի կայարանից մինչեւ Իջևանի կայարան ընդամենը 10 կմ է, այդտեղ ռելսերը կան, ընդամենը ընթացիկ աշխատանքներ պետք է արվեն, որից հետո կարճ ժամանակահատվածում կարող են վագոնները գալ ու բեռնաթափվել Իջեւանի կայարանում։
Իսկ եթե բեռները գալիս են Վրաստանում, եթե մեղմ ասեմ, բավականին ուռճացված է պնդումը, թե սա ապաշրջափակում է։ Սա նաև ծախսատար է։
Տնտեսվարողներն ասում են, որ հիմա իրենք այդ բեռները ստանում են ֆուռերով, այդտեղ մրցակցությունը շատ մեծ է և ծառայություն մատուցող ընկերությունները գները անընդհատ նվազեցնում են, որ կարողանան մրցակցել։ Այսինքն այդտեղ ես խնդիր չեմ տեսնում, որ կարող է խոչընդոտ լինել»,–ասաց պատգամավորը։


