- նոյեմբեր 8, 2023 11:47
Չորս հիմնավորում են բերել. վստահ եմ, որ դատարանում ջախջախվելու են, և ես վերականգնվելու եմ. Բրյուսովի պրոռեկտորը՝ իրեն աշխատանքից ազատելու մասին
Թեեւ Կարինե Հարությունյանն ընտրվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, սակայն, չգիտես ինչու, առանց որեւէ հիմնավորման մինչ օրս դա չի հաստատվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպովը:
«Չի բերվել որեւէ փաստական հանգամանք: Միակ բանը եղել է այն, որ պարտված ռեկտոր պարոն Գյուրջինյանը դիմել է դատարան եւ իբր դրանից առաջ, ամռանը նիստում մեկ ուսանողի փոխարեն այլ ուսանող է մասնակցել: Քրեական գործ հարուցվեց, երկար ժամանակ քննչական գործողություններ էին ընթանում, այս ընթացքում որեւէ բան չպարզվեց: Ես դարձա ռեկտորի պարտականությունները կատարող մինչեւ մարտի 15-ը, որից հետո ապօրինի որոշմամբ, չի հաստատվել մեր ընտրության արդյունքները: Որեւէ գրավոր հիմնավորում չի տրվել, թե ինչու չի հաստատվել մեր ընտրած հոգաբարձուների խորհրդի կազմը: Ընդամենը եղել է նախարարի խոսքը՝ ոստիկանների ուղեկեցությամբ, որ եղել են բողոքներ:
Բերեցին կանոնադրության խախտումով, որովհետեւ ժամանակավոր խորհուրդն իրավունք չուներ նշանակելու պաշտոնակատար, 300 ոստիկանների ուղեկցությամբ մեծ հայագետ պարոն Գյուրջինյանին նշանակեցին համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, որից հետո սկսվեց բռնաճնշումների երկրորդ փուլը: Այս ընթացքում պատժվեցին, աշխատանքից ազատվեցին, տարբեր ճնշումների ենթարկվեցին բազմաթիվ մասնագետներ, նաեւ ուսանողներ: Նրանց մի մասը ուղղակի ժամ չստացավ դասավանդելու համար, մի մասը ուղղակի թողեց ու գնաց»,-ասաց Ակոպովը:
Նրա խոսքով, այս ամենի արդյունքում առկա է մի իրավիճակ, երբ համալսարանի ռեկտորը, որը ֆինանսական գործունեությունից բացարձակ ոչինչ չի հասկանում, եւ եթե ամեն ինչ այսպես շարունակվի, համալսարանն ինքն իրենով կփակվի:
Ակոպովը նշեց, որ ինքը ռեկտոր Գյուրջինյանին ասել է, որ շարունակելու է պայքարել իր դեմ, քանի որ համարում է, որ նա օրինական ընտրված ռեկտոր չէ. «Ես ասացի, որ ազատման դիմում չեմ գրելու: Իմ նկատմամբ եղավ շանտաժ, որ կամ դիմում ես գրում, դուրս ես գալիս, կամ քո նկատմամբ քրեական գործեր կուղարկենք դատախազություն:
Հետո եկավ մեր ժողովրդի համար չարաբաստիկ օրը՝ սեպտեմբերի 19-ը: Ես անմիջապես դուրս եմ եկել կանգնելու Արցախի իմ եղբայրների ու քույրերի կողքին, եւ այդ ընթացքում ես կոչ էի անում իմ գործընկերներին եւս միանալ պայքարին, ուսանողներին ասում էի՝ եթե դասադուլ եք անում, ոչ ոք չի կարող ձեզ սպառնալ, ձեր կողքին են մինչեւ վերջ:
Նույն օրը երեկոյան ժամը 9-ին պարոն Գյուրջինյանը Մալբրի համակարգով ստորագրում է իմ ազատման հրամանը: Բրյուսովի ռեկտոր պարոն Դավիթ Գյուրջինյանն աշխատանքից միշտ տուն է գնում 17։20-17։30-ը, երբեք ուշ չի գնում։ Սակայն, չգիտես՝ ինչու, սեպտեմբերյան դեպքերի ժամանակ՝ սեպտեմբերի 19-ին, երեկոյան 19։00-ին, ստորագրում է իմ ազատման հրամանը։ Դրա մասին իմացել եմ մյուս օրը՝ առավոտյան, ինքն այդ օրվանից գործուղման է մեկնել և, փաստորեն, նոյեմբերի 8-ից ազատված եմ աշխատանքից։
Բնականաբար, ես սա համարում եմ հետապնդում իմ քաղաքական հայացքների համար, բուհական ինքնավարությունը պաշտպանելու համար»,-ասաց պրոռեկտորը:
Նա իր ազատման հրամանն անվանեց «իրավաբանության գլուխգործոց». «Ինձ ազատել են աշխատանքից Աշխատանքային օրենսգրքի հետևյալ դրույթով, թե իբր ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։ Շուրջ 11 տարի տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել այս համալսարանում, ընթացքում ստացել եմ նույնիսկ համալսարանի մեդալ, շնորհակալագրեր, և հանկարծ Դավիթ Գյուրջինյանի կողմից պարզվեց, որ ես չեմ համապատասխանում իմ պաշտոնին։
4 հիմնավորում է բերվել, թե ինչու չեմ համապատասխանում։ 2 հիմնավորումը վերաբերում է քրեական գործերին, որոնց մասին խոսել եմ։ Սակայն, ես դեռևս չեմ հարցաքննվել, կարգավիճակ չունեմ, բայց մարդն արդեն խախտում է իմ անմեղության կանխավարկածը: Մարդը դատավոր է դարձել և որոշումներ է կայացնում»:
Հիմնավորումներից ամենազավեշտալին, ըստ Ակոպովի այն է, որ գրված է, որ ինքը կատարում է ֆեյսբուքյան գրառումներ ռեկտորի հասցեին, բուհը վարկաբեկող արտահայտություններ է անում. «Սա խոսքի ազատության կոպիտ խախտում է: Բնականաբար, արդեն հայցը պատրաստված է, առաջիկա օրերին կներկայացնեմ դատարան: Ես վստահ եմ, որ դատարանում ջախջախվելու է այս իրավական ակտը եւ ես վերականգնվելու եմ»,- ասաց նա:


