հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Չինարիում ու Այգեպարում ունենք ադրբեջանցիների հրետակոծությունից վնասված տներ. Տավուշի մարզպետ

Չինարիում ու Այգեպարում ունենք ադրբեջանցիների հրետակոծությունից վնասված տներ. Տավուշի մարզպետ

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Տավուշի մարզի Չինարի ու Այգեպար գյուղերի բնակելի տները: Բնակավայրի 16 գյուղերի կեսը այս կամ այն կերպ տուժել են վերջին օրերի Ադրբեջանի գնդակոծություններից: Այս մասին NewArmenia.am-ին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Չինարիում ու Այգեպարում, այո, ունենք ադրբեջանցիների հրետակոծությունից վնասված տներ: Այս պահին տեղում կատարում ենք կարիքների գնահատում, զբաղվում ենք այդ քաղաքացիների, ըստ անհրաժեշտության, կենսաապահովմամբ, որպեսզի իրենք խնդիր չունենան»,-ասաց մարզպետը:

Hetq.am-ը գրել է, որ Այգեպարում 7 տուն է գնդակոծվել, և որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները աշխատանքներ են տանում գնդակոծության հետևանքով բռնկված հրդեհները մարելու ուղղությամբ:

Մեր հարցին, թե գնդակոծության արդյունքում բնակիչների շրջանում վիրավորներ կամ զոհեր չկա՞ն, մարզպետն ասաց. «Ոչ, ոչ քաղաքացիների շրջանում բարեբախտաբար որևէ զոհ կամ վիրավոր չունենք»:

Նրա խոսքով՝ այս պահին անդորր է, կրակոցներ չկան:
Մարզպետը նաև հավելեց, թե վնասված այն տներում, որտեղ հնարավոր է ապրել, բնակիչները կշարունակեն ապրել, որտեղ հնարավոր չէ, իրենց համայնքի այլ տներում կապրեն:

Հետաքրքրվեցինք, թե բնակիչները ապաստարաններ տեղափոխվե՞լ են: «Մենք բոլոր սահմանամերձ գյուղերում ունենք ապաստարաններ: Ըստ անհրաժեշտության, այդ ապաստարաններն օգտագործվում են»: Սակայն գյուղացիներին գյուղերից տարհանելու խնդիր, ըստ մարզպետ Չոբանյանի, չի առաջացել: «Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա, բայց բոլոր ծառայությունները պատրաստ են քաղպաշտպանության միջացառումներն իրականացնելու՝ և պատսպարման, և տարհանման»,-նշեց Չոբանյանը:
Տավուշի որոշ գյուղերում գնդակոծության արդյունքում վնասվել են գազատարները և անջատվել քաղաքացիների գազամատակարարումը: «Այսօր իրականացնում ենք վերականգնողական աշխատանքներ: Հույս ունենք, որ այսօր գազամատակարարումը կվերականգնվի»,-ասաց մարզպետը:

Հարցին, թե այս պահին որևէ գյուղ կա՞, որը հրետակոծվում է, մարզպետը բացասական պատասխան տվեց. «Այս պահին հարաբերական անդորր է»:
Ինչպես հայտնի է՝ այսօր Ադրբեջանի ԱԹՍ թռչող սարքից կրակոցներ են արձակվել նաև Տավուշի մարզի Բերդ քաղաքի վրա: Ադրբեջանցիները թիրախավորել են «Տավուշ տեքստիլ» գործարանը, որտեղ բավական շատ մարդ է աշխատում: Գործարանի տնօրեն Միքայել Եզեկյանը NewArmneia.am-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ որ կրակոցների ժամանակ աշխատակիցները գործարանում չեն եղել, գործարանը երեկվանից չի աշխատում, ուստի որևէ մեկը չի տուժել:

  • Կիսվել: