երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չեմ մեկնաբանելու. Ալեն Սիմոնյանը՝ Աշոտ Փաշինյանի կողմից իր հայտարարությունը հերքելու մասին

Չեմ մեկնաբանելու. Ալեն Սիմոնյանը՝ Աշոտ Փաշինյանի կողմից իր հայտարարությունը հերքելու մասին

«Սա նշանակում է, որ որեւէ բան չի փոխվել, սադրանքները… Չեմ մեկնաբանելու, ուզում ես այլ որակում տուր, չեմ մեկնաբանելու»։ Նման կերպ արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ միջանցքում լրագրողների հարցերին ի պատասխան։

Լրագրողները հարցեր էին ուղղել Սիմոնյանին այն մասին, որ Աշոտ Փաշինյանը հերքել է Սիմոնյանի այն հայտարարությունը, թե հարձակման է ենթարկվել նաև վարչապետի որդին:

Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանն այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով՝ «Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:
 
Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»:

Իսկ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ հարձակման է ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նա նաեւ նշել էր. «Երեք օր առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակում է գործում ՀՅԴ պատգամավորը և հարվածում նրան, հետո նապաստակի պես վազում իր խմբակցություն, Երևանի կենտրոնում դաշնակցական մի երևույթ մոտ 100 մետր հեռավորությունից սադրանք իրականացնում ՀՀ ԱԺ նախագահի նկատմամբ և երեկ նաև հարձակում է տեղի ունենում ՀՀ վարչապետի տղայի նկատմամբ:

Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու: Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»:

  • Կիսվել: