հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բուլինգը շատ տարածված է դպրոցներում, դա կարող է տարածվել արցախցի երեխաների վրա. ՄԻՊ

Բուլինգը շատ տարածված է դպրոցներում, դա կարող է տարածվել արցախցի երեխաների վրա. ՄԻՊ

Հանրային միջավայրը պետք է իրազեկված լինի երեխաների իրավունքներից, բայց այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն՝ անկախ ծնողի բողոքի առկայությունից: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով երեխաների նկատմամբ կիրառված բուլինգի դեպքերին, որոնց մասին երեխաները սովորաբար տանը լռում են, կամ ծնողները թույլ չեն տալիս, որ խնդիրը ճիշտ ուղղվածությամբ լուծվի:

«Կարևոր է ուշադրություն դարձնել ՀՀ-ում առկա մի քանի երևույթներին, դրանցից մեկը բուլինգի երևույթն է, որը շատ տարածված է հանրակրթական հաստատություններում, նույնիսկ չենք պատկերացնում դրա ծավալները:

Կա՛մ այսօր, կա՛մ այս շաբաթվա ընթացքում Պաշտպանի արտահերթ զեկույցով ես ինքս հանդես կգամ՝ բուլինգ երևույթի հետ կապված, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկերների հետ համատեղ, նրանց աջակցությամբ ենք իրականացրել:

Մեր բացահայտած ոչ միայն տեղեկատվությունը, այլև ընդհանուր իրավիճակը հուշում է, որ պետությունը, չնայած ձեռնարկված քայլերին, չունի մեթոդաբանական կամ համակարգային լուծում այս խնդրի ուղղությամբ»,- ասաց Մանասյանը և հավելեց, որ խնդիրը լուրջ է և պետք է հասցեավորվի:

«Սա կարևոր է նաև բռնի տեղահանված անձանց պաշտպանության տեսանկյունից, որովհետև նրանք երեխաներ են, որոնք ինչ-որ առանձնահատկություններով տարբերվում են մյուսներից: Չնայած մեր միջավայրը շատ կարեկից է, ապրումակից, սակայն չի բացառվում, որ արցախցի երեխաները հնարավոր է` ինչ–որ հարցերում տարբերվեն մյուսներից` ունենան այլ խոսելաոճ, մենթալիտետ, մշակութային առանձնահատկություններ, որոնց պատճառով հնարավոր է դպրոցներում առնչվեն տարբեր խնդիրների հետ։ Այդ պատճառով մենք ուշադիր հետևում ենք դպրոցներում նրանց ինտեգրմանը»,– նկատեց Մանասյանը։

Նրա համոզմամբ` խնդիրներին արագ լուծում տալու համար պետության կողմից պետք է իրականացվեն պատշաճ և համապարփակ միջոցառումներ։

  • Կիսվել: