երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Բուհ ընդունվելու համար երբ և ինչպես դիմել. ներկայացվել են դիմում-հայտերի փոփոխությունները

Բուհ ընդունվելու համար երբ և ինչպես դիմել. ներկայացվել են դիմում-հայտերի փոփոխությունները

Կորնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի դիմորդներն ընդունելության դիմում-հայտերն այսօրվանից սկսած մինչև հունիսի 15-ը պետք է ուղարկեն առցանց տարբերակով։ Առցանց գրանցման համակարգից օգտվելու համար պետք է այցելեն dimord.am կայք և, գրանցվելով համակարգում, լրացնեն դիմում- հայտը։ 1lurer.am-ի հետ զրույցում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ զրույցի պահին համակարգում արդեն 200 հոգի մուտք են գործել, ուսումնասիրում են ու փորձում գրանցվել, իսկ 40-ն արդեն վերջնական հաստատել է իր դիմում-հայտը։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալն ասաց, որ առցանց տարբերակով կարող են դիմել միայն այն դիմորդները, որոնք ՀՀ ուսումնական հաստատություններ են ավարտել։ Օտարերկրյա ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները պետք է մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ն այցելեն Գնահատման և թեստավորման կենտրոն։ Ասաց՝ չեն կարող, օրինակ, մոսկվայաբնակին հայտագրել առանց նրան ու փաստաթղթերը տեսնելու։

Նասիբյանը տեղեկացրեց, որ այս տարի կարևոր փոփոխություն է եղել դիմում-հայտերում։ Եթե նախկինում առաջին անվճար հայտն է եղել գերակա, հիմա անվճարին գումարվում է նաև վճարովին։

«Դիմորդը, ենթադրենք, դիմել է իրավագիտություն մասնագիտության համար, ուրեմն՝ առաջին տողով գրելու է և՛ վճարովի, և՛ անվճար։ Այդտեղից դուրս մնալու դեպքում նա երկրորդ, երրորդ, չորրորդ և այլ  հայտերով կարող է ընդունվել  միայն այն դեպքում, եթե այդ երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերում գրված մասնագիտություններում թափուր տեղեր կան»,- ասաց Նասիբյանը։

Դիմորդը նախկինում անվճարից դուրս էր մնում, և վճարովիի համար մրցում էին միավորները։ Նասիբյանը բացատրեց, որ եթե միավորով տեղավորվում էր, օրինակ, իրավագիտությունում, նորմալ էր, իսկ եթե չէր տեղավորվում, ապա երկրորդում միջազգային հարաբերություններ նշած լինելու դեպքում պայքարում էր այնտեղի վճարովիի համար։

«Եթե ինքը ունենում էր ավելի բարձր միավոր, քան միջազգային հարաբերություններ դիմածը, ապա հանում էր իրեն էնտեղից։ Ինքը միջազգային հարաբերությունների դիմողին էր իր միավորով հանում, նա էլ՝ արևելագետին, պատմաբանին, և այդպես  ստացվում էր, որ դիմորդը չի ընդգրկվում իր ընտրած մասնագիտության մեջ, հայտնվում է մի տեղ, որտեղ, մեղմ ասած, չի էլ ուզում, բայց այնքան որ գրել էր»,- նշեց ԳԹԿ փոխտնօրենը։ Նա տեղեկացրեց, որ այժմ բոլոր առաջին հայտերն ընդունվելու են։ Օրինակ՝ հնարավոր է՝ պատմականը ընդունվի 12 միավորով, բայց  4-րդ հայտում պատմության ֆակուլտետ նշողը 15 միավորով դուրս մնա թափուր տեղ չմնալքւ պատճառով։

Նախկին երկու, երեք քննությունների փոխարեն մեկ առարկայով քննության անցկացումը ևս պայմանավորված է համավարակի ստեղծած պայմաններով։ Նասիբյանը տեղեկացրեց, որ մրցույթի կազմակերպման համար նաև լրացուցիչ գնահատականներ են ներառում։ Դրանք դիմորդի ատեստատի ավարտական կամ  տարեկան գնահատականներն են և ատեստատում ներառված պետական ավարտական քննությունների միավորները։

ԳԹԿ տնօրենի տեղակալը ներկայացրեց, որ ԿԳՄՍ նախարարությունը նպատակահարմար է գտել այն առարկան, որը տվյալ բուհի և տվյալ մասնագիտության համար շատ կարևոր առարկա է։ Օրինակ՝  տնտեսագիտական ֆակուլտետում մաթեմատիկա, իրավագիտությունում պատմություն առարկան է ընտրվել։

Դիմում-հայտը լրացնելիս դիմորդից պահանջվում են նաև ընտրել միասնական կամ ներբուհական առարկաները։ Նասիբյանը հիշեցրեց, որ ներբուհականն այն քննություններն են, որոնք կազմակերպվում են տվյալ բուհում, կենտրոնացված չեն և ոչ միասնական են համարվում։ Օրինակ՝ կոնսերվատորիայի, գեղարվեստի ակադեմիայի և  արվեստի, մշակույթի սպորտի բնագավառի կրթական այլ հաստատությունները։ Նշեց նաև, որ ներբուհական քննություն կա նաև, օրինակ, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայում։ 

Հիշեցնենք, որ ընդունելության քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում։

  • Կիսվել: