ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
ԲՏԱ նախարարը ՏՏ ոլորտի ընկերության հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքի տեղավորելու հարցը

ԲՏԱ նախարարը ՏՏ ոլորտի ընկերության հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աշխատանքի տեղավորելու հարցը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին այցելել է «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերության հայաստանյան մասնաճյուղ: Այդ մասին  հայտնում են ԲՏԱՆ-ից:

Ռոբերտ Խաչատրյանը հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել ընկերության մասնաշենքում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ենթակառուցվածքներին և իրականացվող աշխատանքներին:

Շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում նախարարին են ներկայացվել իրականացվող նախագծերը և գործունեության ընդհանուր աշխարհագրությունը։

Նախարարը բարձր է գնահատել ընկերության գործունեությունը՝ նշելով, որ տպավորված է «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզի» ենթակառուցվածքներով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք նախագծեր և գաղափարներ, որոնց իրականացումը կնպաստի գիտելիքահեն տնտեսության զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների աշխատանքի տեղավորմանը և առաջնային այլ խնդիրների լուծմանն առնչվող հարցերին:

«Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերությունը գործում է 26 տարի: Այն գրասենյակներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում, Նիդերլանդներում, Ռուանդայում և Ուկրաինայում: Գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է, իսկ ամենամեծ գրասենյակը՝ Երևանում: Գործունեության ընթացքում ընկերությունն իրականացրել է ավելի քան 300 նախագիծ, այդ թվում՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի ստեղծումը, որոնք ներդրվել են աշխարհի տասնյակ երկրների պետական կառավարման մարմիններում:

  • Կիսվել: