Բռնությունն ու բուլինգը պետք է ամբողջությամբ արմատախիլ արվեն դպրոցներից. Սվաջյան
Բռնությունն ու բուլինգը երևույթներ են, որոնք պետք է ամբողջությամբ արմատախիլ արվեն դպրոցներից: Այս մասին այսօր ԱԺ-ում «Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և ներկայում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի էությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսյա Սվաջյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Սակայն դրան հասնելու համար պետք է լայնածավալ աշխատանք կատարենք: Անցյալ տարի բուլինգի մի քանի դեպքեր բացահայտեցինք: Դրանք ևս մեկ անգամ հստակ ցույց տվեցին, որ մեր կրթական հաստատություններում նման դեպքեր դեռևս տեղի են ունենում: Հետևաբար, որոշել ենք այս ուսումնական տարին հայտարարել անվտանգ և հուսալի»:
Սվաջյանը հավելեց, որ այս տարվա համար նախատեսված են մեծ թվով միջոցառումներ: Դրանք նախատեսված են, որպեսզի ապահովեն, որ դպրոցները կատարեն համապատասխան աշխատանքներ, որոնք կրթական հաստատություններում զգալիորեն կնվազեցնեն բռնության և ծաղրուծանակի դեպքերը:


