չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Բերման ենթարկվելու պահին լրագրողը ցույց է տվել իր լրագրողական բեյջը. «Երկիր մեդիա»

Բերման ենթարկվելու պահին լրագրողը ցույց է տվել իր լրագրողական բեյջը. «Երկիր մեդիա»

Փետրվարի 22-ի երեկոյան Արմենիա Մարիոտ հյուրանոցի տարածքից, ՀՅԴ Երիտասարդական Միության ակցիան լուսաբանելու իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը:

«Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական բեյջը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլեվ նրան բռնությամբ տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ պահել են ավելի քան 4 ժամ: Ոստիկանատանը ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր:

Անի Նահապետյանն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու այս խայտառակ դեպքը եվ իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին»,-ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ ոստիկանությունը այս միջադեպի հետ կապված պարզաբանում է տարածել՝ նշելով, որ որեւէ մեկը չի ներկայացել որպես լրագրող եւ ցույց չի տվել իր բեյջը:

Փետրվարի 22-ին Հանրապետության հրապարակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այցի կապակցությամբ․ նրանք Երեւան են ժամանել եւ մասնակցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովի՝ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած նիստերին։ Ոստիկանությունը 25 երիտասարդի ուժով բերման էին ենթարկել։

 

  • Կիսվել: