հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Բերման են ենթարկվել «Ցռան Վերգո» և «Քաջ Նազար» մականուններով եղբայրները․ մանրամասներ Գյումրիում ոստիկանների դանակահարության գործից

Բերման են ենթարկվել «Ցռան Վերգո» և «Քաջ Նազար» մականուններով եղբայրները․ մանրամասներ Գյումրիում ոստիկանների դանակահարության գործից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Գյոզալյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ հատկանիշներով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Շիրակի մարզի Կառնուտ գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Արա Գալստյանի և 28-ամյա Լիպարիտ Գալստյանի նկատմամբ, ովքեր երեկ՝ ապրիլի 14-ին, Գյումրի քաղաքում՝ Հայուհի հրապարակում, վիճաբանության մեջ էին մտել իրենց օրինական ծառայությունը կատարող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի տեսուչ՝ 31-ամյա Արգամ Հովհաննիսյանը ձախ ազդրի միջին երրորդ հատվածի վնասվածքով, իսկ ոստիկանության Կումայրիի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան՝ 25-ամյա Արկադիկ Բաղդասարյանը՝ կրծավանդակի ձախ կեսի հատվածի վնասվածքնվ տեղափոխվել էին Գյումրու հիվանդանոց։

 

Դեպքի վայրում Ա. և Լ. Գալստյանները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, վարորդ Ա. Գալստյանը հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, որպեսզի ՃՈ ծառայողը խախտման համար համապատասխան ակտ գրի, և այդ ժամանակ Լ. Գալստյանը, ով Ա. Գալստյանի եղբայրն է, պնդել է, որ վարորդը փաստաթուղթ չունի ներկայացնելու, և տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքնր է հնչեցրել ոստիկանության ծառայողների հասցեին, այնուհետև իջնելով Mitsubishi մակնիշի 10 AR 510 համարանիշի ավտոմեքենայից՝ գոտկատեղից հանել է դանակն ու «արեք, ասեմ» արտահայտությունն անելով՝ դանակով հարձակվել և հարվածել է ոստիկանության ծառայողներին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվելուց հետո քննիչի որոշմամբ Ա. Գալստյանը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ Լ. Գալստյանը ձերբակալվել է։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եղբայրներից Լ. Գալստյանը ընկերական շրջապատում հայտնի է «Ցռան Վերգո», իսկ Ա. Գալստյանը՝ «Քաջ Նազար» մականուններով։

  • Կիսվել: