երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բագրատ Եսայանը` Փաշինյանին հայհոյելու համար հարուցված գործի մասին

Բագրատ Եսայանը` Փաշինյանին հայհոյելու համար հարուցված գործի մասին

Ճիշտն ասած ես լավ չեմ հասկանում` ինչու եմ ներգրավված այս գործում, որովհետև մեղքի որևէ անհատականացում այս քրեական գործում չկա։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար քրեական գործով անցնող ՀՅԴ-ական Բագրատ Եսայանը։ 

«Քրեական գործի հարուցումից ամիսներ հետո մեկ ոստիկան հանկարծ  հիշել է, որ ինքը ինձ տեսել է այնտեղ այդ արտահայտությունը վանկարկելիս։ 79 էջանոց մեղադրական եզրակացության մեջ անհարմար էլ է ասել ինչն է հիմնական մեղադրանքը։ Խուլիգանական դրդումներով իբր ես գոռացել եմ «բ...ի տղա Նիկոլ»։ Բայց պետք է ասեմ, որ ինքս նման բան չեմ գոռացել, քանի որ սովորություն չունեմ հասարակության մեջ այդպիսի արտահայտություններ անելու, որը ամենևին էլ չի նշանակում, թե ես համաձայն չեմ այդ բնութագրման հետ»,– ասաց նա։

Բագրատ Եսայանն ապուշություն որակեց այս գործը նշելով, որ դատախազը պետք է հրաժարվի այս գործից։ «Նրանք նախադեպ են փորձում ստեղծել հասարակության մեջ այս իշխանության նման բնութագրումները կանխելու համար, բայց վստահեցնում են դա իրենց չի հաջողվելու։ Այս գործը ամենավատ սցենարով հասնելու է մինչև ՄԻԵԴ»,– վստահեցրեց նա։

Նշենք, որ այսօր Երևան քաղաքի առաջին իրավասության դատարանում առաջին դատական նիստն էր մի խումբ անձանց դեմ գործով, որոնք մեղադրվում են 2021 թվականի ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար։

 
   

  • Կիսվել: