կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բացահայտվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր

Բացահայտվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ  Ն. Ս.-ն, աշխատելով «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում` որպես Սպիտակի տարածաշրջանի պատասխանատու մանկաբույժ, իմունականխարգելման կաբինետի պատասխանատու բժիշկ, կատարելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ և այդկերպ հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Ն. Ս.-ն, COVID-19 համավարակի դեմ իրենց կողմից իրականացված պատվաստումներն արձանագրելու նպատակով, նույն բուժկենտրոնի բուժքույր Հ.Ղ.-ի հետ միասին վարել են պատվաստումների գրանցման սևագիր մատյան, որից տվյալների արտագրումը Ն.Ս.-ն հանձնարարել է պատվաստման գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող այլ բուժաշխատողի: Գիտակցելով, որ սևագիր մատյանից այդ տվյալները նույնությամբ արտագրվելու են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ bժշկական կենտրոնի պատվաստումների գրանցամատյանում, Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումով, այն է՝ յուրաքանչյուր պատվաստման համար լրավճար ստանալու ակնկալիքով, ՀՀ 3 քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու և երկրորդ դեղաչափով պատվաստված չլինելու պայմաններում ակնհայտ կեղծ գրառումներ են կատարել այդ մասին: Այնուհետև, Ն. Ս.-ն Հ. Ղ.-ի հետ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով՝ այն հանձնել է նույն բժշկական կենտրոնի համապատասխան բաժին, որտեղ գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվել և հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրվել էլեկտրոնային առողջության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ: Այսպիսով՝ Ն. Ս.-ն միջնորդավորված կերպով կատարել է պաշտոնեական կեղծիք:

Վերը նշված հանցանքների կատարման համար Ն.Ս.-ին  (2 դրվագ) և Հ.Ղ.-ին (3 դրվագ) մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով:

Հետագայում հսկող դատախազի որոշմամբ Հ.Ղ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: