շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բացահայտվել է հայկական ծագման 1,2 միլիարդ դոլար` շվեյցարական բանկում. ովքե՞ր են փողատերերը

Բացահայտվել է հայկական ծագման 1,2 միլիարդ դոլար` շվեյցարական բանկում. ովքե՞ր են փողատերերը

Շվեյցարական բանկերից մեկում Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց հաշիվներում միասին 1 մլրդ 200 մլն դոլար կա: Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվը հասնում է 500-ի, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400-ի: Այս տեղեկությունը բացահայտել է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնը:

Այդ հաշիվների հետ կապ ունեցող անձանց թվում նաև հայաստանյան պաշտոնյաներ կան: Հայաստանից հետաքննությանը մասնակցած «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ շվեյցարական բանկում հաշիվներ ունեն գործարարներ, ՀՀ-ում բնակվող, բայց տարբեր երկրներում բիզնես ունեցող սփյուռքահայեր: Վերոնշյալ խոշոր չափի գումարի զգալի մասը պատկանում է գործարարներից մեկին: Էդիկ Բաղդասարյանը, անուններ չտալով, նշում է նաև այն դիվանագետների շրջանակը, որոնք ևս շվեյցարական բանկերում փողեր ունեն:

Շվեյցարական բանկում պահվող փողերի մասին տեղեկություններն ու փաստաթղթերը հետաքննող լրագրողներին է փոխանցվել անանուն աղբյուրի կողմից: «Հետք»-ից Սամսոն Մարտիրոսյանը նշում է՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հաշիվները պատկանում են Հայաստանի հետ փոխկապակցված և՛ իրավաբանական, և՛ ֆիզիակական անձանց: Էդիկ Բաղդասարյանի խոսքով՝ առկա են հաշիվներ, որոնց վրա ահռելի գումարներ կան, սակայն չկա այդ գումարների ծագման վերաբերյալ տրամաբանական հիմնավորում:

«Հետք»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերում չկան ՀՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունները: Սակայն հերքված չեն տեղեկությունները, որ 500 անձանցից մեկը կարող է նրանցից որևէ մեկի հետ փոխկապակցված լինել: Առայժմ հայտնի է, որ շվեյցարական բանկում 10 մլն շվեյցարական ֆրանկ են ունեցել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը և նրա քույրը: Այս գումարը Սարգսյանի հաշիվներին եղել է նրա՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվելու պահին և հաջորդող տարիներին, սակայն Սարգսյանը չի հայտարարագրել:

Հետաքննող լրագրողները սա օրենքի խախտում են համարում: Մինչդեռ Արմեն Սարգսյանն այս առնչությամբ հայտարարել է, թե դեսպանի պաշտոնում չի վարձատրվել, հանրային հիմունքներով է աշխատել, ինչի պատճառով էլ չի հայտարարագրել գումարը:

Նշենք՝ Հայաստանից ենթադրյալ գողացված դրամական միջոցները հետ վերադարձնելու առնչությամբ ՀՀ իշխանությունները 2018 թվականից դիմել են Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության՝ թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծված STAR նախագծին, բայց առարկայական զարգացումներ առայժմ չկան:

 

  • Կիսվել: