Բա մենք պետք է էս 3000 տարվա մեջ գնանք Էստոնիայի՞ն հարցնենք, թե մենք ոնց թվայնանա՞նք. Փաշինյան
Մենք Էստոնիայից փորձագետ ենք հրավիրել, որպեսզի պետական մարմինների աշխատողների համար ներկայացնեն թվայնացման էստոնական կոնցեպտը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեծ դահլիճում պետական բոլոր մարմինների ներկայացուցիչները հրավիրված են լինելու։ Ընդ որում ես Էստոնիա կատարած այցի արդյունքներով եմ այդ հանձնարարականը տվել, որ փորձագետին, ով մասնագիտացած է հենց ներկայացնելու գործում, որպեսզի մեզ ասեն, մեզ սովորեցնեն, թե ինչպես է դա պետք անել։ Մեզնից երկար ժամանակ պահանջվեց հասկանալու, որ կայք ունենալը դեռևս թվայնացում չի, կամ փաստաթուղթը ինտերնետում դնելը դեռևս թվայնացում չի։
Մենք պետք է նաև խոստովանենք, որ շատ հարցեր հռչակում ենք և չենք կարողանում լուծել, դեպքերի մեծ մասը կապված է գիտելիքի բացակայության հետ, չգիտենք ոնց լուծենք։ Պատեպատ ենք կպնում, այստեղ ենք գնում, մրցույթ ենք հայտարարում, հետո այդ մրցույթում հաղթում է մի հրաշալի ընկերություն, որը պատրաստ է 5 մլրդ–անոց ծրագիրն անել 50 հազար դրամով։ Ուրախանում ենք, որ տեսեք, 4,9 մլրդ գումար խնայեցինք։ հետո 5 տարի դատ–դատաստան։ Այսինքն գիտելիք չունենք, մասնագետի, մարդկային ռեսուրսի պակասի խնդիր ունենք։
Ու սրա մասին մեզանում ընդունված չէ խոսել... Ո՞նց, ո՞նց կարող է նման բան ըլնի, բա մենք հրաժարվում ենք մեր պետմությունի՞ց, բա մենք էս 3000 տարվա մեջ պիտի գնանք, հազար ներողություն, Էստոնիային հարցնենք, թե մենք ոնց թվայնանա՞նք։ Իրենք որտեղ էին, որ մենք մեր տառերով թվեր էինք գրում...»,- ասաց Փաշինյանը
Նա հայտարարեց, որ Հայաստանում շատ հարցեր չեն լուծվում, բայց չգիտեն լուծումը և խնդրի պարամետրերը։
«Մեր հանրահաշվի ուսուչուհին ասում էր՝ լսել ես ձայն, բաց չգիտես, թե ուր է այն։ Մենք անընդհատ ձայներ ենք լսում, բայց կոորդինատը չենք կարողանում որոշենք, թե ձայնը որտեղ ա։ Դրա համար գնում, գնում ենք, ու հայտնվում կենացի ժանրում։ Պետք է դուրս գալ այդ ժանրից»,-հայտարարեց Փաշինյանը։


