ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ԱԺ-ն ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծի փոփոխություն չի եղել։

Արթուր Հովհաննիսյանը շեշտեց, որ լրագրողական կազմակերպությունների հետ բավականին լավ համագործակցություն է եղել։

Այսպիսով, նախագծով նախատեսվում է, որ պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել միայն, եթե հավատարմագրման դադարեցման համար նախատեսված կանոնների խախտման համար գրավոր նախազգուշացվելուց հետո մեկ տարվա ընթացքում լրագրողը կրկին խախտում է կանոնները: Այսինքն՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել ոչ միայն լրատվամիջոցի, այլ նաև նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից։

Նախորդ փոփոխությամբ՝ ամրագրվել էր, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նաև պետական մարմնի կողմից՝ աշխատանքային գոտում իրականացված խախտումների հիմքով, և սա արդեն տեխնիկական փոփոխություն է։

Արթուր Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, նախորդ ընթերցման ժամանակ ասել էր․ «Սա չի վերաբերում լրատվական գործունեություն իրականացնողին զրկելու իր լրագրողին պետական մարմնում հավատարմագրելու իրավունքից, խոսքը վերաբերում է բացառապես աշխատանքային գոտու կանոնները խախտած լրագրողին մեկ տարվա մեջ նախազգուշացվելուց հետո երկրորդ անգամ կանոնները խախտելուն, որից հետո լրատվամիջոցը հնարավորություն կունենա փոխարինել իր լրագրողին»,– ասաց նա։

 

  • Կիսվել: