հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց ԼՀԿ-ի միայնակ թոշակառուներին կոմունալ վճարների համար գումար տրամադրելու նախագիծը

ԱԺ-ն նիստերի օրակարգ չընդգրկեց ԼՀԿ-ի միայնակ թոշակառուներին կոմունալ վճարների համար գումար տրամադրելու նախագիծը

Ազգային ժողովն այսօր լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր միայնակ տարեց և անժառանգ թոշակառուներին հատկացնել կոմունալ վարձավճարների փոխհատուցում նվազագույն կենսաթոշակի  20 տոկոսի չափով՝ ամսական ընդամենը 5 հազար դրամ։

Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ-ից Սրբուհի Գրիգորյանը՝ նշելով, որ հասարակության շատ խավեր ներկայում սոցիալական բարդ վիճակում են, և իրենք նպատակ ունեն նրանց վիճակը փոքրիշատե բարելավելու։

Նշենք, որ նախագիծը գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել։

Նախագծի հարակից զեկուցող Հերիքնազ Տիրգրանյանը նշեց, թե ինչու է այն բացասական եզրակացություն ստացել։

«Նախորդ տարվա դեկտեմբերին ընդունել ենք սոցիալական բնակարանային ֆոնդում, կացարաններում բնակվող միայնակ  կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական օգնություն ցուցաբերելու մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն արդեն գործում է, սահմանվել է, որ սոցիալական բնակարաններում բնակվող միայնակ տարեցները և կենսաթոշակառուներն արդեն օգտվում են կոմունալ վճարների համար պետության փոխհատուցման իրավունքից»,-  նշեց պատգամավորը:

Ըստ Հերիքնազ Տիգրանյանի, նախագծում նաև հստակեցված չէ, թե խոսքը վերաբերում է միայնակ տարեցներին ընդհանրապե՞ս, թե՞ սոցիալական բնակարաններում ու կացարաններում չբնակվող տարեցներին: «Եվ արդյոք նախագիծը կարո՞ղ է վերաբերվել աշխատող թոշակառուներին:  Կարծում ենք, որ նախագիծն արմատական վերանայման կարիք ունի»,- ընդգծեց նա։

Այսպիսով, ձայների՝ 35 «կողմ», 72 «դեմ» և 1 «ձեռնպահ» հարաբերակցությամբ նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

  • Կիսվել: