շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ազգերի հիշողության մեջ հաղթանակներն անջնջելի հետք են թողնում եւ Կոմանդոսն այդ հաղթանակը կերտողներից մեկն էր․ ԵԿՄ

Ազգերի հիշողության մեջ հաղթանակներն անջնջելի հետք են թողնում եւ Կոմանդոսն այդ հաղթանակը կերտողներից մեկն էր․ ԵԿՄ

Երկրապահ կամավորականների միությունը ցավակցական խոսք է հղել լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի մահվան կապակցությամբ:

«ԵԿՄ վարչությունը խոր ցավով տեղեկացավ լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի մահվան լուրին:

Տեր-Թադեւոսյանը 1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին: Ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում: Անուրանալի է Արկադի Տեր-Թադեւոսյանի գործը Արցախյան ազատամարտի հաղթանակների կերտման ճանապարհին՝ Շուշիի ազատագրման պայքարում:

Անգնահատելի է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի ավանդը մեր անկախ պետության, հայոց բանակաշինության գործում:

Արկադի Տեր-Թադեւոսյանն իր դերակատարությունն է ունեցել Երկրապահ կամավորականների միության ստեղծման գործում: Նա լինելով ԵԿՄ վարչության անդամ, նաեւ փոխնախագահ շարունակել է ծառայել հայրենիքին, հայ ժողովրդին:

Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն ասում էր, որ մեզ ուժեղ ոգով մարդիկ ու հայրենասերներ են պետք: Եվ մենք վստահաբար ասում ենք, որ հայրենասիրության վառ կերպարներից էր նաեւ հենց ինքը, ով իր անցած ճանապարհով, իր իրականացրած մարտական գործողություններով ոգեշնչման մեծ աղբյուր է նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար:

Ազգերի հիշողության մեջ հաղթանակներն անջնջելի հետք են թողնում եւ Կոմանդոսն այդ հաղթանակը կերտողներից մեկն էր:

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ցավակցում է ընտանիքին, հարազատներին, բարեկամներին, մարտական ընկերներին, նրան ճանաչողներին:

Մեր խոնարհումն ու փառաբանումը Ձեզ, հարգարժա´ն գեներալ,

Հավերժ փա´ռք Քեզ, Կոմանդո'ս»:

  • Կիսվել: