կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազգային երիտասարդական համաժողովը՝ Սփյուռքի երիտասարդներին Հայրենիքին կապելու օղակ. Սինանյանը ամփոփել է արդյունքները

Ազգային երիտասարդական համաժողովը՝ Սփյուռքի երիտասարդներին Հայրենիքին կապելու օղակ. Սինանյանը ամփոփել է արդյունքները

Սփյուռքի երիտասարդների  հայրենադարձությանը նպաստելու նպատակով ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը իրականցրել է Ազգային երիտասարդական համաժողովը:

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համոզմամբ՝ եթե Սփյուռքի  երիտասարդները  ընդունեն, որ Հայաստանը մի երկիր է,  որտեղ իրենք ցանկանում են ապրել, նրանց ֆիզիկական հայրենադարձությունը կդառնա  ժամանակի հարց:

«Նման համաժողով անցկացնելու միտքը առաջացել է նախորդ տարի «Համահայկական գագաթնաժողով»-ի ժամանակ, քանի որ, բնականաբար, այնտեղ օրակարգը չէր ձևավորվել երիտասարդական խնդիրների շուրջ: Նաև, հաշվի առնելով, որ այն անցկացվում էր հոկտեմբերին, բնական էր, որ երիտասարդական մի շարք կազմակերպություններ, ուսանողական միություններ հնարավորություն չունեին մասնակցելու: Այս մասով մի շարք առաջարկներ և բողոքներ լսեցինք մեր գագաթնաժողովի և տարբեր համայնքային այցերի ընթացքում, ինչի արդյունքում որոշեցինք և սկսեցինք համաժողովի աշխատանքները»,- այս մասին օգոստոսի 8-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Զարեհ Սինանյանը:

Նա ընդգծեց, որ համաժողովի նախապատրաստական աշխատանքներում, այդ թվում՝ օրակարգի մշակման և բանախոսների ընտրության գործընթացներում ներգրավված են եղել Հայաստանի և Սփյուռքի տարբեր շրջանակները ներկայացնող երիտասարդներ: Գրասենյակի փորձագետներից և 12 երկրների երիտասարդներից կազմված խորհրդատվական մարմինն ամիսներ շարունակ աշխատել է համաժողովի օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ:

«Արդյունքում՝ ունեցանք մի օրակարգ, որը շատ բազմազան էր՝ իր մեջ ներառելով ազգային անվտանգության խնդիրներից մինչև հայկական շահերի պաշտպանություն, կրթություն, մշակույթ, երիտասարդական կազմակերպությունների զարգացում, Հայաստան-Սփյուռք գործակցություն և այլն»,- նշեց Սինանյանը:

Համաժողովին մասնակցում էին ավելի քան 50 երկրներից 18-35 տարեկան 600 Սփյուռքահայ երիտասարդներ. համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից ունեինք 20 մասնակիցներ Լեռնային Ղարաբաղից, ովքեր միացան առցանց, և 50 մասնակից Հայաստանից և մոտ 100 բանախոս 15 երկրներից:

«Մեր նպատակներից էր, ինչը, հույս ունեմ, իրագործվեց, որ կարողանայինք ավելի իրատեսական պատկերացում ստեղծել Հայաստանի այսօրվա խնդիրների և իրավիճակի մասին ու Սփյուռքի մեր երիտասարդներին ներկայացնել Հայաստանում առկա հնարավորությունները: Միասին քննարկեցինք  հայրենադարձության խնդիրներն ու հնարավորությունները, ապագա  համագործակցությունների նոր ճանապարհները, ինչպես նաև համագործակցությունն Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև: Ամեն ջանք գործադրեցինք, որպեսզի երիտասարդները կարողանան ձևավորել ավելի ցանցային համագործակցություն  և՛ մեզ հետ, և՛ միմյանց միջև»,- հավաստեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Սինանյանը նշեց, որ մոտ ապագայում ակնկալում են մասնակիցների կողմից նոր առաջարկներ, որոնք ծնվել են այս համաժողովից: Ինչպես նաև անցկացնելու են տարբեր երիտասարդական խմբերի հետ առցանց հանդիպումներ, որպեսզի նրանց  կարծիքների հիման վրա կարողանան ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների հարցում:

«Շատ դիմումներ ունենք մեր մասնակիցներից, որ նման համաժողովներ տեղի ունենան ամեն տարի: Սփյուռքի երիտասարդների ցանկությունը միշտ շատ մեծ է եղել՝ տարբեր ձևաչափերով աշխատել հանուն իրենց պատմական Հայրենիքի, բայց այս պահին՝ համաժողովից հետո, իրենք ավելի իրատեսական պատկերացում  ունեն, թե  ինչ կարելի է անել, և ինչ հնարավոր չէ անել»,- ասաց նա:

Սինանյանը նշեց, որ համաժողովի ընթացքում Սփյուռքի երիտասարդներին ամենահուզող հարցերից էին անվտանգային խնդիրները, որոնք քննարկվել են. «Դրանք արժանացան ամենաշատ ուշադրությանը. երիտասարդներին հուզում էր, թե իրենք ինչ ունեն անելու այս իրավիճակում, և մենք բոլորս ապագայում  ակնկալում ենք, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր կտեսնենք»,- ընդգծեց Սինանյանը:

  • Կիսվել: