կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր մեր քույրերն ու եղբայրներն Արցախ աշխարհում փրկում են հայ ժողովրդի անունը և պատիվը, այդ մահացող երեխաներն են փրկում․ Բագրատ Սրբազան

Այսօր մեր քույրերն ու եղբայրներն Արցախ աշխարհում փրկում են հայ ժողովրդի անունը և պատիվը, այդ մահացող երեխաներն են փրկում․ Բագրատ Սրբազան

Մեր կյանքն այսօր անունի, պատվի և արժանապատվության  պայքար է։ Այս մասին հայտարարել է  Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ մեծագույն արժեքների կորստյան առջև կանգնելու մասին է՝ անուն և պատիվ։

Աստված մարդուն պատվով և անունով է ստեղծել, դրա համար էլ շիրիմներին ինչքան հնարավոր է մեծ տառերով գրում են անունները, որ գոնե այդպես փորձեն այդ անունը ինչ-որ ձևով կյանքի կոչել՝ անկախ նրանից, թե ինչպես է այդ մարդն ապրել։ Եվ պատիվ։ Դարձյալ գալիս եմ շիրիմներին․ հազար ու մի ձևով փորձում են այդ անունը ներկայացնել մարդկանց՝ անկախ նրանից, թե որքան պատվով է այդ մարդն ապրել։

Աստված անուն է տվել մարդուն, որպես «մարդ» կոչում և պատիվ է տվել՝ Իր պատվով, Իր նմանությամբ է ստեղծել։

Այս 2-ն են, որ մարդուն մարդ են դարձնում։

Այսօր մեր կռիվը միայն ֆիզիկական, շոշափելի հողի կռիվ չէ, այլ ՀՈԳՈՒ կռիվ է, պատվի կռիվ է, արժանապատվության կռիվ է, արդարությամբ և իրավունքով ապրելու կռիվ է, սերունդներին ժառանգություն թողնելու կռիվ է։ 5 հատ էլ տուն ավելի թողեք, 10 հատ մեքենա ավելի, գույնզգույն ու երփներանգ հագուստներով զարդարեք, վերջանալու են այդ բոլորը։

Մնալու է անունը և պատիվը՝ ինչպես ապրեցիր, ինչ գործեցիր, ինչ անուն վաստակեցիր և ինչ պատվով՝ կոչումիդ համաձայն։

Այսօր մեր քույրերն ու եղբայրներն Արցախ աշխարհում փրկում են հայ ժողովրդի անունը և պատիվը։ Փրկում են բառիս բուն իմաստով, այդ մահացող երեխաներն են փրկում»։

 

  • Կիսվել: