հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Այս տարի մի քիչ ուշ սկսեցինք». Երեւանում ընթացքում են գծանշման աշխատանքները

«Այս տարի մի քիչ ուշ սկսեցինք». Երեւանում ընթացքում են գծանշման աշխատանքները

Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում մեկնարկել են գծանշման աշխատանքները: Ծանրաբեռնված երթևեկությունը չխոչընդոտելու համար գործընթացը հիմնականում կազմակերպվում է գիշերային ժամերին: Այս մասին նշվել է այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

«Ըստ քաղաքի քարտեզագրման ու սխեմայի է կատարվում գծանշումը: Այս տարի մի քիչ ուշ սկսեցինք՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, բայց հիմա մեծ թափով ընթանում են աշխատանքները»,- նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:

Ապրիլի 1-ից, ի դեպ, Երևանում գծանշումների, ինչպես նաև լուսացույցեր ու ճանապարհային նշաններ տեղադրելու գործառույթն անցել է համայնքին: Խնդրահարույց այս ոլորտը կանոնակարգելու համար Երևանի քաղաքապետարանը մի շարք քայլեր է ձեռնարկել՝ հաշվի առնելով վարորդների կողմից հաճախ արծարծվող խնդիրները:

«Ներկի որակի պահանջն է խստացվել: Հաշվի ենք առել միջազգային փորձը և համապատասխան որակի ներկ ենք օգտագործում՝ ուշ մաքրվող, ավելի խիտ, բացի այդ էլ վրայի անդրադարձնող նյութն է փոխվել»,- ընդգծում է Հայկ Սարգսյանը:

«Ներկանյութերը համապատասխանում են միջազգային չափորոշիչներին, դրանց ավելացվում են ապակյա գնդիկներ, ինչը մեծացնում է ներկի անդրադարձելիությունը և գիշերային ժամերին վարորդներն ավելի հեշտ են տեսնում գծանշումը»,- նշում է «Աշոտ Սահակյան» ընկերության տնօրեն Աշոտ Սահակյանը:

Փողոցները գծանշվում են հատուկ տեխնիկայով, ինչը հնարավորություն է տալիս գործընթացն ավելի արագ ու սահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացնել: Ծրագրի իրագործումը վստահված է մրցույթում հաղթող ճանաչված երեք ընկերությունների, որոնք աշխատում են մի քանի խմբերով:

«Տեխնիկան ժամանակակից է, ավտոմատացված և ավելի քիչ աշխատուժ պահանջող: Համապատասխան գծանշման չափը տրվում է և դրան համապատասխան արվում է շումը՝ ավելի հեշտ և ավելի արագ, ավելի բարձր որակով»,- ասում է Աշոտ Սահակյանը:

Ընթացիկ տարում ավելի քան 1 մլն գծամետր 10 և 15 սմ լայնությամբ գծանշում կարվի: Ձեռքով աշխատանքների ծավալը, որը հիմնականում ներառում է սլաքների, ճանապարհային նշանների ու հետիոտնային անցումների գծանշումը, կկազմի 768656 գծամետր: Շուրջ 2000քմ հատված էլ կգծանշվի ջերմապլաստիկով:

Փողոցների գծանշմանը զուգահեռ՝ շուտով կսկսվի նաև փողոցների բետոնե հենապատերի ներկման գործընթացը. 2022թ. շուրջ 24 000 քմ ուղղաձիգ գծանշում կարվի:

  • Կիսվել: