ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այս սեպտեմբերի 1-ն «ամենաթանկն» է լինելու․ որքան գումար է անհրաժեշտ մեկ երեխայի դպրոց ուղարկելու համար․ «Ժողովուրդ»

Այս սեպտեմբերի 1-ն «ամենաթանկն» է լինելու․ որքան գումար է անհրաժեշտ մեկ երեխայի դպրոց ուղարկելու համար․ «Ժողովուրդ»

«Ուղիղ մեկ շաբաթ է մնացել նոր ուսումնական տարվան. այս սեպտեմբերի 1-ը ամենաթանկն է լինելու, քանի որ դպրոց գնալու համար անհրաժեշտ ապրանքները բավականին թանկացել են: Դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների համար նոր ծախսերի առիթ է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։ 

Սեպտեմբերի 1-ին դպրոց գնալու համար անհրաժեշտ են գրենական պիտույք, պայուսակ, հագուստ, կոշիկներ, դասագրքեր, իսկ այս ապրանքները շուկայում վաճառվում են տարբեր գներով, օրինակ՝ դպրոցական պայուսակը 11000 դրամից սկսած է վաճառվում, այն կարող է գերազանցել անգամ 20000 դրամը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցում արեց դպրոցահասակ երեխաների ծնողների շրջանում, թե սեպտեմբերի 1-ին ընդառաջ որքան գումար են նախատեսել ծախսել մեկ երեխայի համար:

Պարզվեց՝ մեկ երեխային դպրոց ուղարկելու համար ծնողին անհրաժեշտ է 100-150 հազար դրամ գումար: Զարմանալի չէ, որովհետև մեր հանրապետությունում դպրոցական պայուսակների գները, նախորդ տարվա համեմատ, զգալի բարձրացել են. եթե նախորդ տարի մեկ դպրոցական պայուսակը հնարավոր էր գնել 5000-6000 դրամով, ապա հիմա այն 9000-11000 դրամ է և ավելի: Սակայն աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում ոչ բոլոր ծնողներն են, որ կարողանում են երեխաների համար գնել 15000 դրամ և ավելի թանկ պայուսակ: Բարձրացել են նաև հագուստի գները, ավելին՝ հագուստի համար նախատեսված գումարը տարեցտարի ավելանում է: Փոքրերի հագուստն ավելի թանկ է, քան մեծերինը, ընդ որում՝ աղջկա հագուստի տեսականին ավելի մեծ է, գներն էլ՝ բարձր:

Հետո նոր ծախսեր են առաջանում. գրքերի համար գումար են ծախսում, ապա նաև ձմեռային հագուստ են գնում: Կարճ ասած, վերնաշապիկ, տաբատ, կիսաշրջազգեստ (դպրոցներ կան, որտեղ համազգեստի միջին գինը գերազանցում է 10000 դրամը), մարզահագուստ, կոշիկ, սպորտային կոշիկներ, պայուսակ, օրագիր, տետրեր, գրիչներ, մատիտներ. այս ամենի համար միջին հաշվարկով անհրաժեշտ է առնվազն 100 հազար դրամ մեկ աշակերտի դեպքում՝ դրան գումարած նաև դասագրքերի գումարը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: