ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս պահին խաղաղ վիճակ է, բայց հայ համայնքի անդամները «Կովերի պարտեզի» տարածքում հերթապահում են. Գոգչյան

Այս պահին խաղաղ վիճակ է, բայց հայ համայնքի անդամները «Կովերի պարտեզի» տարածքում հերթապահում են. Գոգչյան

Այս պահին Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածքում, խաղաղ վիճակ է, բայց հայ համայնքի անդամները «Կովերի պարտեզի» տարածքում հերթապահում են, հոգևորականները պարբերաբար այցելում են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայոց պատրիարքարանի ղեկավար Աղան Գոգչյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում, Գոգչյանն ասաց. «Պատրիարքարանն առայժմ մեկնաբանություն չի անում, մեր ասելիքը նախօրեին հրապարակված հայտարարությունն է»։

Նշենք, որ Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիները հանդես են եկել հազվադեպ համատեղ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով, որ վիճարկվող հողային գործարքը կարող է վերացնել բազմադարյա հայկական ներկայությունը Հին քաղաքում, գրել է Reuters-ը։

Հիշեցնենք, որ Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը 2021-ի հուլիսին 99 տարով «Կովերի պարտեզ» տարածքը վարձակալությամբ տվել էր հրեա մի գործարարի: Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել եւ երկար պայքարից հետո հնարավոր եղավ չեղարկել գործարքը:

Անցած շաբաթ, սակայն, բուլդոզերներն սկսել են քանդել ավտոկայանը, որն ընդգրկում է վիճելի տեղամասի մի մասը։ Երբ ընդվզողները փորձել են արգելել, հայտնվել են զինված իսրայելցի հրեա վերաբնակները, որոնք փորձել են ցրել ցուցարարներին, բայց անհաջող։

Նոյեմբերի 12-ից հայերի մի մեծ խումբ, պատրիարքարանի հետ համագործակցելով, հերթապահություն է իրականացնում «Կովերի պարտեզի» տարածքում և ի նշան բողոքի՝ մեքենաներով և պարիսպներով փակել են պատի մուտքը՝ կանխելու տարածքում հետագա անօրինական շինարարությունը:

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը օրեր առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը այս օրերին իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյաբանական սպառնալիքի տակ է: Գոյութենական-տարածքային այս վտանգը ամբողջությամբ տարածվում է նաեւ Երուսաղեմի բոլոր քրիստոնէական համայնքների վրա:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը վերջերս չեղարկել է «Կովերի պարտեզի» խաբեբայություններով շաղախված պայմանագիրը:

Կառուցապատողները փոխանակ չեղարկման նամակին օրինական պատասխան տալու, ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի իրավական դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ՝ ընտրելով սադրանք, հարձակում, հալածանք, մինչեւ իսկ ոչնչացում հրահրող մարտավարություն՝ «Կովերու պարտէզ» բերելով զինված վարձու սադրիչների:

Վերջին օրերին «Կովերի պարտեզ» կայանատեղիի ասֆալտի ահռելի ոչնչացումն ու քանդումը իրականացվել է կառուցապատողների կողմից՝ առանց քաղաքապետարանի եւ ոստիկանության արտոնության: Անտեսելով այս հանգամանքը՝ ոստիկանությունը վերջին մի քանի օրերին նախընտրեց Հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել ազատե՛լ տարածքը:

Մենք կոչ ենք անում Երուսաղեմի բոլոր Քրիստոնյա համայնքներին այս աննախադեպ ժամանակներին նեցուկ լինել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությանը, քանի որ սա եւս մեկ հստակ քայլ է, ձեռնարկված Երուսաղեմի եւ Սուրբ Երկրի մէջ Քրիստոնյաների ներկայությունը վտանգելու ուղղությամբ»:

 

  • Կիսվել: