երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Այս չորս տարիների ընթացքում առողջապահության բյուջեն կրկնապատկվել է. Անահիտ Ավանեսյան

Այս չորս տարիների ընթացքում առողջապահության բյուջեն կրկնապատկվել է. Անահիտ Ավանեսյան

«Հասարակությունը շահում է, եթե կա հարմոնիա. երբ և՛ կինը, և՛ տղամարդն ունենում են իրենց ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն: Այդ ներդաշնակությունը կա նաև առողջապահական համակարգում»: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) 9-րդ միջազգային համաժողովին:

Կանանց ներգրավվածությունը, խթանումը կարևորելով առողջապահական, կրթական, սոցիալական և տնտեսական ոլորտում` համաժողովը մեկ հարթակում համախմբել էր պետական և հասարակական կառույցների ներակայացուցիչներին` երկխոսության կամուրջ ստեղծելու նպատակով:

Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահական այն ծրագրերը, որոնք ուղղված են կանանց առողջության պահպանմանը, մոր և մանկան առողջությանը, հիվանդությունների կանխարգելմանը:

«Այս չորս տարիների ընթացքում առողջապահության բյուջեն կրկնապատկվել է: Այն բոլոր փոփոխությունները, որոնք արվել են համակարգում, բավականին փոխել են պատկերը, բայց դա, իհարկե, բավարար չէ. առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ, կընդլայնվի երեխաների և կանանց տրամադրվող կանխարգելիչ ծառայությունների ծավալը»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նա անդրադարձել է նաև կանանց վերարտադրողական առողջության իրավունքին և ներկայացրել անպտղության հաղթահարման ծրագրի ներդրման և ընդլայնման ընթացքը և արդյունքները:

Նախարարին ուղղված հարցերից էր նաև, թե որոնք են կանանց առողջությանը վնասող և հիվանդացության պատճառ հանդիսացող ռիսկի գործոնները:

Ոլորտի պատասխանատուն ներկայացրել է մարզերում իրականացվող կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային անվճար ծրագիրը, արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելիչ միջոցառումները, ակտիվ շարունակվող առողջ ապրելակերպին և առողջ ծերացմանն ուղղված հանրային արշավները, որոնց նպատակը նաև կենսաձևի փոփոխությամբ` առողջության նոր մշակույթի ձևավորումն է:

  • Կիսվել: