հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Այս ազատությունը, որ վայելում են, մեր տղերքի շնորհիվ է. սեւազգեստ մայր

Այս ազատությունը, որ վայելում են, մեր տղերքի շնորհիվ է. սեւազգեստ մայր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ««Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդներն ընդդեմ սեւազգեստ մայրերի» դատական նիստն այսօր հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում «Ինձ բացակա չդնեք» ՀԿ-ի նախագահ Սաթենիկ Խլղաթյանն ասաց. ՛՛«Մարտի 1-ի» գործով տուժողի իրավահաջորդ Սարգիս Քլոյանը եկել էր իմ տուն եւ ինձ ահաբեկում էր: Այսօր այս ազատությունը, որ վայելում են, դա մեր տղերքի շնորհիվ է, իսկ Քլոյանը եկել էր իմ տուն, ահաբեկում էր ինձ, ասում էր՝ տիկին Սաթիկ, գիտեք ինչ կա, դուք ձեզ շատ վատ եք պահում, մեր տղերքը եթե չլինեին, այսօրվա հեղափոխությունը չէր լինի:

Հեղափոխությունն էլ կպնի գլխիդ, «Մարտի 1-ն» էլ կպնի գլխիդ: Իմ ամուսինը գնացել է թուրքերի դեմ է կռվել, դուք գնացել էիք հայերի դեմ էիք կռվում, ոստիկանին թուրք էիք համարում։ Քլոյանն ո՞վ է, որ արժանապատվությունից էլ խոսի։ Որ արժանապատվություն ունենար, ինքն այսօր տանից դուրս չէր գա ամոթից՛՛։

Խլղաթյանի խոսքով՝ իրեն լրագրողներից մեկն ասել է, թե Սարգիս Քլոյանը պետության կողմից տրամադրված 30 միլիոն դրամը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստից հետո հետ կվերադարձնի:

Նա մանրամասնեց.  ՛՛Ես չհասկացա միտքը, Քոչարյանի դատական նիստն ի՞նչ կապի ուներ իր 30 միլիոնի հետ, երբ ինքը շատ հաճույքով, իր կոտրած ձեռքով վերցրել էր այդ 30 միլիոնը։ Ինքն այստեղ նաեւ փաստեց, որ այդ 30 միլիոնը, ինչպես նաեւ օդում կախված այն լուրերը, որ 10 մլն նույնպես տրամադրել են իրենց, որ գնան Քոչարյանի դատին, փաստեց, որ իրենք դա վերցրել են, որ գնան Քոչարյանի դատին եւ վարկաբեկեն նրան։ Այո, ինքը այդ 30 միլիոնը պիտի հետ վերադարձնի։

Երբ ես ու Սարգիս Քլոյանը հանդիպել ու զրուցել ենք, այդ ժամանակ էլ ինքն ինձ ասել է՝ տիկին Սաթիկ, գիտեք, որ մենք դիմելու ենք ՄԻԵԴ, մեզ պիտի հատկացնեին 240 միլիոն դրամ, մեր տղերքը պետությանը օգուտ են տալիս, մենք այդ 30-ը հետ ենք տալու, այսինքն՝ 210 միլիոնը դնում են իրենց գրպանը՛՛։

Խլղաթյանը նշեց նաեւ, որ օգուտ է տվել իր ամուսինը, օգուտ են տվել ամուսնու նման հերոս տղաները, որոնք գնացել են թուրքի դեմ մարտնչելու:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայց են ներկայացրել։

Ըստ հայցվոր կողմի՝ Մարգարիտա Խաչատրյանի հետեւյալ արտահայտությունը զրպարտություն է համարվում. ՛՛Գտնում ենք՝ առաջնահերթությունը պետք է տրվեր զոհվածների ընտանիքում Արցախյան շարժման ժամանակ խաղաղ պայմաններում զոհվածի ընտանիքներին, ոչ թե Օպերայից մինչեւ քաղաքապետարան խանութ թալանողներին։ Ո՞ր հոգաբարձուների խորհրդին 30 միլիոն տրամադրեցին, ո՞ր նիստով անցկացրին, չէ՞ որ նրանք Օպերայից մինչեւ քաղաքապետարան պայքարում էին խանութ թալանելու, երկիրը աղավաղելու եւ աթոռակռվի համար։ Հիմա իրենց մեղքերին թողություն անելու համար նրանց տվեցին 30 միլիոն՛՛։

Հայցվոր կողմը զրպարտություն է համարում նաեւ Սաթենիկ Խլղաթյանի հետեւյալ արտահայտությունը. ՛՛Եթե փողոցային վեճերի, կռիվների ժամանակ տրվել է 30 միլիոն դրամ, ուրեմն հայրենիքի համար իր կյանքը նվիրած զինվորի համար 30 միլիոնը շատ քիչ էր՛՛։

 

  • Կիսվել: