շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշին և կողաշրջել այն. կան վիրավորներ

Ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mercedes-ը. վերջինն էլ բախվել է բաժանարար գոտու բետոնե պատնեշին և կողաշրջել այն. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Աշտարակ ավտոճանապարհի Դավիթաշեն վարչական շրջանի տարածքում՝ Աշտարակի խճուղում «Սեմ հաուս» թոնրատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի հետևանքով Mercedes-ն էլ բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին և կողաշրջել այն:

Օպերատիվորեն ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն:

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ոտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: