շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Ավտովթար Երևանում. 19-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է կիսամաշված անվադողերի մեջ և բախվել երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Ավտովթար Երևանում. 19-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է կիսամաշված անվադողերի մեջ և բախվել երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Աշոտ Առաքելյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցում` թիվ 50 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կիսամաշված անվադողերին ու երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 44-ամյա Թովմաս Պապյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ;

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գրիգոր Պալյանն ու Արմեն Ստեփանյանը: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննւոթյան բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: