չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ավտոմեքենաների տեխզննման մասին օրինագիծը Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ

Ավտոմեքենաների տեխզննման մասին օրինագիծը Ազգային ժողովն ընդունեց առաջին ընթերցմամբ

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխությունը  այսօր Ազգային ժողովը ընդունեց առաջին ընթերցմամբ՝  80 կողմ, 17 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ասաց, որ քանի դեռ չի ներկայացվել կառավարության որոշման նախագիծը, թե ինչ չափանիշներ են սահմանվելու և թե դա հետո ինչ բեռ է լինելու քաղաքացու վրա, այս փուլում «Լուսավոր Հայաստանը»-ը կքվեարկի դեմ: Երբ որոշման նախագիծ կլինի, կվերանայեն իրենց որոշումը:

Իսկ «Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանը նշեց, որ քվեարկելու են ձեռնպահ, քանի որիրենց դիրքորոշմամբ, շտկելու շատ բան կա, առաջարկություններով հանդես կգան:

Նշենք, որ խոսքը «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթի մասին է։ Այս նախագծով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոխել տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը: Մասնավորապես, փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ-ում հայտնել էր, որ առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձրերը՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ:

Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ։

Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:

  • Կիսվել: