շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավելի շատ զբոսաշրջային քարտեզներ են պետք. Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Ջավախքի մասին

Ավելի շատ զբոսաշրջային քարտեզներ են պետք. Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ Ջավախքի մասին

Jnews-ը զրուցել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Քլեյթոնի հետ այն մասին, թե ինչ կարելի է անել Ջավախքում զբոսաշրջությունը զարգացնելու, տեղի հայերի ինտեգրման հարցում ավելի շատ արդյունքների հասնելու համար, Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերի և շատ այլ բաների մասին, գրում է jnews.ge-ն:

Վերջերս Դուք զբոսաշրջիկի կարգավիճակով գտնվում էիք մեր շրջանում, ի՞նչ արտասովոր և հետաքրքիր բան նկատեցիք։ Ի՞նչ թերություններ նկատեցիք։

– Ճանապարհին հանդիպած բոլոր մարդիկ ինձ այնպիսի ջերմությամբ էին դիմավորում։ Հիշում եմ, մի անգամ կանգ էի առել ճանապարհի եզրին, մոտեցավ բեռնատար ու ասաց. «Օգնություն պե՞տք է»: Ես չեմ կարծում, որ կան թերություններ, բայց առաջընթաց կարելի է գրանցել։ Ավելի շատ հյուրատներ, ավելի դյուրընթեռնելի, տուրիստական քարտեզներ:

Մեր շրջանում մեծ տարածում են վայելում այնպիսի հայտնի վայրերը, ինչպիսիք են Բորժոմին, Բակուրիանին, Ռաբաթը, Վարձիան, որոնք սովորաբար ավելի պահանջված են զբոսաշրջության ուղղությամբ, իսկ Ախալքալաքը մնում է աննկատ: Ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել այս խնդիրը շտկելու համար:

Ես Նինոծմինդայում եմ եղել, գրասենյակում, որտեղ մենք հանդիպեցինք, շատ տեղեկություն կար, սա միակ տեղն էր, որտեղ ես իմացա նման տեղեկություն։ Կարծում եմ, որ մենք պետք է ինչ-որ կերպ տարածենք այս տեղեկատվությունը, բայց հաշվի առնենք, որ ես այստեղ եղել եմ քովիդի ժամանակ, սա աննորմալ ժամանակ է ցանկացածի համար: Ես հասկանում եմ, որ այս ժամանակաշրջանի առյուծի բաժինը՝ տուրիստական ընկերություններն ու տեղեկատվական ծառայությունները փակվել են։

Ո՞րն է Ձեր այցի նպատակը և ի՞նչ եզրակացություններ արեցիք ինքներդ ձեզ համար ինտեգրման թեմայի շուրջ քննարկումից հետո։

– Ես շատ ժամանակ եմ անցկացնում Թբիլիսիում, ես ինքս Լոնդոնից չեմ, և ես հասկանում եմ, որ միայն Թբիլիսին չէ Վրաստանը, դուք անկրկնելի երկիր ունեք՝ բազմաթիվ տարբեր շրջաններով, և ես ուզում եմ ծանոթանալ դրանցից շատերին: Վերջերս արդեն եղել եմ Ախալքալաքում, հատկապես ընտրություններից հետո ցանկացա ավելի մոտիկից ծանոթանալ այս շրջանին և ժողովրդի շուրթերից լսել, թե ինչ խնդիրներ ունեն, ինչ առաջընթաց կա, ինչ է մնացել անելու։

Ինչ վերաբերում է իմ զրույցներին, ապա այսօր թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններից, թե՛ հասարակական կազմակերպություններից շատ բան իմացա, թե հիմա ինչ խնդիրներ կան շրջանում։ Գրեթե բոլորը շատ դրական են վերաբերվում «1+4» ծրագրին, որի օգնությամբ երիտասարդները սովորում են Թբիլիսիի համալսարաններում և այլն, այն օգնում է վրացերենի ուսումնասիրմանը։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե, բոլորը վախենում են, որ մարդիկ մնում են Թբիլիսիում և չեն վերադառնում այստեղ՝ իրենց հայրենի շրջան։

Սա, ամենայն հավանականությամբ, գլոբալ, համընդհանուր խնդիր է և վերաբերում է ոչ միայն Սամցխե-Ջավախքին, ես ինքս Մեծ Բրիտանիայի հյուսիսից եմ և գնացել եմ Լոնդոն, այնտեղ գտել եմ իմ կարիերան, մենք պետք է անենք այնպես, որ և՛ Սամցխե-Ջավախքը, և՛ Վրաստանի մյուս շրջանները գրավիչ դառնան երիտասարդների համար:

Իմ զրույցներից հետո ես մնում եմ լավատես, քանի որ բոլորը, ում հետ ես խոսեցի, լավատեսորեն էին տրամադրված ապագայի նկատմամբ:

Բացի պետական լեզվի չիմացությունից, կան այնպիսի գործոններ, ինչպիսիք են փոխադարձ կարծրատիպերը, վախերն ու ֆոբիաները տիտղոսակիր ազգի և ազգային փոքրամասնության միջև։ Ինչպե՞ս կարելի է հաղթահարել այս խնդիրները։

Հիմնականում գտնվելով Թբիլիսիում՝ երբեք չեմ լսել որևէ մտավախություն Վրաստանում ապրող այս կամ այն ժողովուրդների մասին։ Միակ բանը, որ կարծում եմ, այն է, որ բնականաբար լեզվի չիմացությունը որոշակի արգելք է հանդիսանում ժողովրդի ավելի խորը ինտեգրման առումով։ Կարծում եմ, որ լեզվի իմացությունը կարևոր է, բայց սա միակ խնդիրը չէ։ Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է ավելի շատ ազատ տեղաշարժ համայնքների միջև, ինչը նշանակում է ավելի լավ ենթակառուցվածք, ավելի լավ հնարավորություններ, ավելի լավ կրթություն, որպեսզի ողջ Վրաստանում բոլորը տեսնեն հնարավորություններ բոլորի համար, և որպեսզի մեկ ազգի ներկայացուցիչները պարտավոր չլինեն իրենց ապագան փնտրել այլ վայրերում։ Մտածում եմ, որ դա կարող է առաջընթաց դառնալ։ Կոպիտ ասած՝ ձգտել բարելավել տնտեսական կապերը երկրի բոլոր մասերի միջև։

Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունն ի՞նչ ծրագրերի վրա է աշխատում:

Վրաստանում մենք համագործակցության բավականին լայն շրջանակ ունենք, հիմնականում մեր ծրագրերը կենտրոնացված են կենտրոնական կառավարությունում։ Օրինակ, մենք ունենք բազմաթիվ ծրագրեր պաշտպանության եւ անվտանգության ոլորտում։ Ես շատ հպարտ եմ դրանով, մենք շատ գործեր ենք անում, բայց ցավոք, դրանք շրջաններ չեն հասնում։ Բայց այլ ոլորտներում, նույնիսկ կենտրոնական իշխանությունների հետ մեր աշխատանքով, հուսով եմ, որ մեր էֆեկտը հասնում է շրջաններին էլ, օրինակ՝ մենք աշխատում ենք կենտրոնական իշխանության բարեփոխման վրա, աշխատում ենք խորհրդարանում, ուղղություններից մեկն է ավելի շատ կանանց և ավելի շատ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավել կուսակցությունների կազմում, հուսով եմ, որ ժամանակի ընթացքում ազդեցությունը կզգացվի: Ես նաև հպարտ եմ, որ մեր Մշակույթի բաժինը շատ սերտ համագործակցում է Կրթության նախարարության հետ, և շատ շուտով կսկսվի վրացերենի ուսուցիչների որակավորման բարձրացման ծրագիրը։

  • Կիսվել: