Ավելացել են շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Շինարարի օրվա առթիվ։
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ շինարարներ, հարգելի՛ գործընկերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս կրկնակի տոնի՝ Շինարարի օրվա և Հայաստանի շինարարների միության 30-ամյակի առթիվ։
Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար բարդ ժամանակշրջանում հիմնադրված Շինարարների միությունն այսօր ոլորտի խնդիրների բարձրաձայնման, մասնագիտական քննարկումների և համատեղ գործելու հարթակ է:
Առանձնահատուկ շնորհավորում եմ միության բոլոր անդամներին, ղեկավար կազմին և հիմնադրման ակունքներում կանգնած բոլոր նվիրյալներին:
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը։ 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ 2025թ. նույն ամիսների համեմատ այն աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ։
Ավելացել են նաև շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները. 2026թ. 1-ին կիսամյակում կազմել են 126.4 մլրդ դրամ՝ 2025-ի նույն ամիսների համեմատ աճելով 22%-ով։
Շնորհակալություն պարտաճանաչ և գիտակցված մոտեցման համար։ Յուրաքանչյուր շինարարի հաջողությունը մեր ոլորտային հաջողությունն է:
Որոշ վատատեսական կանխատեսումները, թե կառուցապատման ոլորտն անկում է ապրելու, վաճառքները պակասելու են, կամ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» Կառավարության խոշորածավալ այս և այլ ծրագրերը ձախողվելու են, ոչ միայն չարդարացան, այլև փաստացի արդյունքները գերազանցեցին սպասումները։
Ծրագրերը ոչ միայն ամբողջությամբ իրագործվելու են, այլև արդեն իսկ մեկնարկել է դպրոցների կառուցման նոր շրջափուլը։ Պետություն-շինարար համատեղ ջանքերով կյանքի են կոչվել ու շարունակվելու են մարզական և առողջապահական կառույցների, ճանապարհների, թունելների, կամուրջների և մեր բնակչության կյանքի որակը բարելավող կարևոր այլ ենթակառուցվածքների կառուցման ծրագրերը:
Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է շարունակում լինել գլխավոր պահանջը շինարարներից։ Մյուս ակնկալիքը կարողությունների շարունակական կատարելագործումն է։ Փոխադարձաբար Կառավարությունը հանձնառու է մշակել գործունեության դաշտը բարելավող մեխանիզմներ։
Քաղաքաշինության կոմիտեն էականորեն արագացրել և դյուրացրել է նախագծումից մինչև ավարտական փուլ թույլատվական փաստաթղթերի ստացման գործընթացները։ Բազմամասնաշենք համալիրների դեպքում ստեղծվել է ավարտական փաստաթղթերի փուլային ստացման հնարավորություն։ Առաջիկայում հասնելու ենք ավարտական ակտի ինքնաշխատ ստացման։
Մեկնարկել է ոլորտի դերակատարների վարկանիշավորումը, հաստատվել է շինարարության գնագոյացման նոր քաղաքականությունը։
Կարևորելով կայուն և կանաչ շինարարության իրականացումը՝ Քաղաքաշինության կոմիտեն հաստատել է միջազգային հավաստագրման այն համակարգերի ցանկը, որոնց կամավոր կիրառումն առաջիկայում խրախուսվելու է հստակ մեխանիզմներով։
Գալիք առաջնահերթություններից է լինելու տեխնիկական հսկողության նշաձողի բարձրացումը` թվային համակարգերի կիրառմամբ:
Առաջնահերթ ուղղություններից են լինելու նաև բնակֆոնդի ռենովացիան, ինչպես նաև կառուցապատման գործունեությունը կարգավորող օրենքի ընդունումը, որը մշակվել է պետական մի քանի կառույցների և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ։
Քաղաքաշինության կոմիտեն որդեգրել է ոլորտի բարեփոխման հստակ ուղի, որը, հուսով եմ, կանցնենք ձեզ հետ միասին:
Սիրելի՛ շինարարներ,
Թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ և շնորհակալություն հայտնել ձեր նվիրման ու ջանքերի համար»:



