երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտվել է Ազգային երիտասարդական համաժողովի 2-րդ օրը

Ավարտվել է Ազգային երիտասարդական համաժողովի 2-րդ օրը

Երևանում շարունակում է ընթանալ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից անցկացվող Ազգային երիտասարդական համաժողովը, որին մասնակցում են 600-ից ավելի երիտասարդներ 50-ից ավելի երկրներից:

Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Արին Կարապետը:

Որպես օրվա գլխավոր բանախոս՝ «Ստեղծիր իրականությունը. Հայաստանը՝ որպես նորարարության հանգույց» թեմայով հանդես է եկել Picsart-ի ուսուցման և զարգացման բաժնի ղեկավար Մադլեն Մինասյանը:

«Անկեղծ խոսակցություն. սահմանելով Հայաստան-սփյուռք հարաբերությունների առաջնահերթությունները և երիտասարդության դերը կապերի ամրապնդման գործում» խորագրով պանելային քննարկանը մասնակցել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Միչիգանի համալսարանի Դիրբորն հայկական հետազոտական կենտրոնի գիտաշխատող Վահե Սահակյանը, Բրյուսելի Բաց համալսարանի գիտաշխատող Նիքոլաս Թավիթյանը, Շիլլերի միջազգային համալսարանի պրոֆեսոր և վերլուծաբան Տիգրան Եկաւեանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժին ավագ գիտաշխատող Սյուզաննա Բարսեղյանը: Նիստը վարել է Նիդերլանդների Consultancy HK ընկերության ղեկավար Հայկ Խանամիրյանը:

Ազգային անվտանգությանը վերաբերող նիստում հարցուպատասխանի ձևաչափով մասնակցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քննարկումը ղեկավարել է «Հայաստանի խաղաղության նախաձեռնության» տնօրեն, ֆրանսահայ Թալին Փափազյանը:

Օրվա երկրորդ կեսին համաժողովի մասնակիցները շարունակել են աշխատանքները աշխատաժողովների, քննարկումների և լուծումների սենյակի ձևաչափով, որոնք վերաբերել են արդյունավետ երիտասարդական կազմակերպության ստեղծմանը և զարգացմանը, սփյուռքի կազմակերպությունների միջև գործակցության սերտացմանը և դաշնակից երկրների սփյուռքների հետ համագործակցության խթանմանը, հանրային կապերին, մեդիային և հայկական բրենդի առաջխաղացմանը: Ձևաչափերը վարել են Միչիգան նահանգի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Մարի Մանուկյանը,  «Miaseen Inc.» հարթակի հիմնադիր Անթոնի Տիքրան Ապաջին, Չիտայի «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Հարություն Աթոյանը, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Շվեդիայից, Բելառուսից, Արգենտինայից, Ֆրանսիայից հրավիրված այլ փորձագետներ:

«Բացահայտելով հայրենիքի հնարավորությունները՝ կամավորություն, աշխատանք և բիզնես» պանելային քննարկմանը որպես բանախոսներ մասնակցել են Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, Կարիտաս Արեգակ հիմնադրամի զարգացման պատասխանատու Սարա Սթայթսը, PA Consulting-ի հիմնադիր Պատրիք Էլիոթը, Tokyooo ռեստորանի հիմնադիր Հիրոկի Տաչիիրին, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամում ծրագրերի համակարգող

Արմեն Բեգիջանին: Նիստը վարել է Sensyan Club-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, Armenia Tree Project-ի նախկին տնօրեն, ReAnimania փառատոնի և RepatArmenia-ի համահիմնադիր Լուսինե Քասարջյանը:

Այնուհետ համաժողովի մասնակիցները մասնակցել են ռեսուրսների և հնարավորությունների ցուցահանդեսի, որտեղ ծանոթացել են Հայաստանում հնարավորություններ ստեղծող և փնտրող մի շարք կազմակերպությունների ծրագրերին:

Ցուցահանդեսին ներկայացված են եղել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը, Ներդրումների աջակցման կենտրոնը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, «Repat Armenia»-ն, «Move2Armenia»-ն, «Դեպի Հայք»-ը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, Հայաստանի ամերիկյան և Հայ-ռուսական համալսարանները, Ֆասթ Բանկը, Staff.am-ը, «Շտապիր դեպի բարին» և «Վիվա» հիմնադրամները, «Tumanyan Online» և «МАМ» կրթական հարթակները, «ՈՄԱ»-ն, «Մատենա» միջազգային դպրոցը, «Հայ առաջադեմ երիտասարդություն», «Հզոր միտք» և «Հաբ Արցախ» ՀԿ-ները, «ռեԱրմենիա» հարթակը:

Օրվա ավարտին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել «Էթնոմշակութային երկխոսություն» խորագրով համերգային ծրագիրը:

Ազգային երիտասարդական առաջին համաժողովի գլխավոր գործընկերը Ֆասթ Բանկն է։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալու և օնլայն էկոհամակարգ ստեղծելու և զարգացնելու, հաճախորդներին անհատական վարքագծային մոտեցում ցուցաբերելուն և թվային հարթակում նոր ապրելակերպ ձևավորելուն միտված բանկ է։

Ֆասթ Բանկը կարևորում է սփյուռքի հայ երիտասարդության՝ Հայաստանի զարգացման գործընթացին մասնակցությունը, խրախուսում միմյանց հետ կապեր հաստատելու, ինչպես նաև իրենց աշխատանքը և ներգրավվածությունը համայնքներում էլ ավելի ընդլայնելու այս բացառիկ հնարավորությունը։

  • Կիսվել: