երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավանեսյանը հայտնել է, թե որքան է կազմել պետպատվերի շրջանակում հիվանդանոցային դժվարամատչելի բուժօգնության և սպասարկման ծառայությունների թիվը

Ավանեսյանը հայտնել է, թե որքան է կազմել պետպատվերի շրջանակում հիվանդանոցային դժվարամատչելի բուժօգնության և սպասարկման ծառայությունների թիվը

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակելու է բարձրացնել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման հասանելիությունը։ Այս մասին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թ.-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հասանելիությունը պետք է մեծացնենք ոչ միայն ֆիզիկական, այլև ֆինանսական առումով, և այդ բուժսպասարկումը նաև որակյալ ու ներկայիս արդիական չափորոշիչներին, պահանջներին համապատասխան պետք է լինի»։

Ըստ նախարարի՝ այս առումով նախարարությունը 2023 թ.–ին 46 միջոցառում է իրականացրել։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ պետպատվերի շրջանակում հիվանդանոցային դժվարամատչելի բուժօգնության և սպասարկման ծավալները մեծացել են. մատուցած ծառայությունների թիվը կազմել է 861 845, ինչը 74 981–ով ավելի է եղել 2022 թ.–ի համեմատ։

Նրա խոսքով՝` ծանր հիվանդությունների եռյակը 2023 թ. նույնն է եղել` սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ։ Ի դեպ, նախարարը նշեց, որ չարորակ նորագոյացությունների բժշկական ծառայությունները 2023 թ.–ին ավելացել են 50 հազարով, ինչը 1.5 տոկոսով ավելի է 2022 թ.–ի ցուցանիշից։

 

  • Կիսվել: