հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավագանու նիստում կքննարկվի լեռնագնաց Աղվան Չատինյանին «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու հարցը

Ավագանու նիստում կքննարկվի լեռնագնաց Աղվան Չատինյանին «Երեւանի պատվավոր քաղաքացու» կոչում շնորհելու հարցը

Երեւանի ավագանու ապրիլի 20-ի նիստում քննարկվող նախագծերից մեկով առաջարկվում է լեռնագնաց Աղվան Չատինյանին շնորհել «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում:

Սույն թվականի նոյեմբերի 20-ին լրանում է հայ լեռնագնաց, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող, ՀԱՕԿ-ի պատվավոր անդամ, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ԽՍՀՄ «Պատվավոր լեռնափրկարար» Աղվան Աշոտի Չատինյանի 94-ամյակը: Աղվան Չատինյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 20-ին Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղում:

Չատինյանին «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում տալու նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նա 60 եւ ավել տարի մարզչամանկավարժական գործունեություն է ծավալել, սերունդներ կրթել, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառներում ունեցել մեծ ավանդ, լեռնագնացության զարգացման գործում ունեցել նշանակալի ավանդի եւ նպաստել հայկական սպորտի զարգացմանը:

Աղվան Չատինյանը վերջին լուրջ վերելքն իրականացրել է 1961 թվականին՝ խաչ-վերելք կատարելով Ուշբա լեռ: Նախքան 1961 թվականը շատերն էին փորձել խաչ-վերելք կատարել, բայց չէր ստացվել: Ուշբա լեռան 1-ին վերելքն իրականացվել է 1935 թվականին:: Այս վերելքների վերաբերյալ ֆիլմ է նկարահանվել, որի ցուցադրման առթիվ նշվել է. «Հերոս կլինի այն մարդը, ով խաչ կանի»: Տարիներ անց այդ հերոսը դարձավ Աղվան Չատինյանը:

Սպիտակի երկրաշարժի ժամանակ իրականացրած աշխատանքներում աչքի ընկնելու համար Ա. Չատինյանը ստացել է ժետոն (մետաղյա կրծքանշան): Վերջին վերելքն իրականացրել է 2001 թվականին՝ բարձրանալով Արագածի Հյուսիսային գագաթ, որի ընթացքում լեռան գագաթին կանգնեցրել է խաչ քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ:

Աղվան Չատինյանն ունի հրատարակված մոտ 100 աշխատանք, որպես կասկադյոր մասնակցել է մի շարք գեղարվեստական ֆիլմերի, որոնցից հայտնի են՝ «Անձամբ ճանաչում եմ», «Ուրվականները հեռանում են լեռներից», «Թռիչք անդունդի վրայով», «Սգավոր ձյունը», «Ուղղահայաց» փոխարինելով հանրաճանաչ դերասաններ Վլադիմիր Վիսոցկուն, Գուրգեն Թոնունցին եւ այլոց։

Վերելքներ՝ Ոշբա-Շխելդա, Ուշբա խաչ, Մագրա (4-րդ կարգի բարդություն), Դոնգուս (4-րդ կարգի բարդություն), Էլբրուս, Ուլու-Տաու Չանա (Աբալակովի ուղիով, Կենտրոնական կովկաս), Դամբայ-Ուգեն տրավերս (Արևմտյան Կովկաս), Ամանաուզ հարավային պատով, Մաշող Մամեդով (Միջին Ասիա), Պիոներ (Պամիր), Տագար, Պիկ Պերվոյե Մայա (Կովկաս), Պիկ Ավիացիա (Կենտրոնական Կովկաս), Կիրպիչ եւ այլ լեռներ:

 

  • Կիսվել: