Ասում եք՝ լավ է լինելու, բա ու՞ր եք, վախկոտների նման փախչելով չէ. ակցիայի մասնակիցը՝ իշխանական պատգամավորներին
Եթե կա մի համարձակ պաշտոնյա, ղեկավար, որը ճշմարիտ է, հրավիրում ենք քննարկման, որ պատասխան տա մեր բոլոր հարցերին: Եթե չկա այդպիսի մեկը, մենք այլ բաներ ենք արձանագրելու: Այս մասին Կառավարության դիմաց «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց Մանուել Մանուկյանը, գրում է tert.am-ը։
Նա նշեց՝ այնտեղ եկել են ընդդիմադիր պատգամավորներ, բայց որտե՞ղ են իշխանական պատգամավորները:
«Ու՞ր եք, ձեզ էլ ենք սպասում, եկեք, ձեզ ենք ամենաշատը սպասում, որովհետև ինքս ձեզ եմ ձայն տվել, եկեք՝ տեսնեմ՝ ուր եք փախել: Եկեք պատասխան տվեք, ասում եք՝ լավ է լինելու, բա ու՞ր եք, վախկոտների նման փախչելով չէ: Պարո՛ն Փաշինյան, սպասում ենք Ձեզ, չեք կարողանալու այս շենքից գնալ, Ձեր տուն ենք գալու, գիշեր-ցերեկ վանկարկելու ենք, նստելու ենք Ձեր դարպասների մոտ: Այնքան ենք անելու, որ հասկանաք՝ մեր կամքը ամուր է քարից էլ»,-ասաց նա:
Ակցիայի մեկ այլ մասնակից ընդգծեց՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյաննն է իրենց ուղղորդել դեպի Կառավարություն ու ԱԺ, մինչդեռ վերջիններս խնդրին լուծում չեն տալիս. «Նիկոլ Փաշինյանն իմ վարչապետը չէ, դա իմ սեփական կարծիքն է»,-հավելեց նա:



