ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աստղաձոր համայնքի 6 փողոցներում կկառուցվի ոռոգման համակարգ

Աստղաձոր համայնքի 6 փողոցներում կկառուցվի ոռոգման համակարգ

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա ընթացքում ոռոգման համակարգ կկառուցվի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ փողոցներում։ Ծրագիրը հաստատվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ի նիստում։

Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 54 միլիոն 762 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 35 միլիոն 595 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 19 միլիոն 166 հազար դրամը՝ Աստղաձորի համայնքապետարանը։ Ոռոգման համակարգը կառուցվում է 2143 գծամետր ընդհանուր երկարությամբ, երկաթյա խողովակներով և կիսախողովակներով։

Ոռոգման համակարգի կառուցման արդյունքում առանց կորուստների և ժամանակին ջրամատակարարում կապահովվի համայնքի տնտեսությունների տնամերձերում և սեփականաշնորհված վարելահողերում, միաժամանակ նորոգված ջրատարները ներհամայնքային ճանապարհների համար կծառայեն որպես ջրահեռացման միջոց։

  • Կիսվել: