երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Աշխատանքային իրավունքի խախտումների մասով քաղաքացիների ահազանգերի թիվն աճել է

Աշխատանքային իրավունքի խախտումների մասով քաղաքացիների ահազանգերի թիվն աճել է

Աշխատանքային իրավունքների խախտումների դեպքում քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել դիմել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Սլավիկ Սարգսյանը:

Ըստ պաշտոնյայի՝ վերջին 3 տարիներին դիմում-բողոքների և ահազանգերի մասով չպլանավորված ստուգումների թիվն աճել է:

«2020 թվականին եղել է 149 վարույթ, 2021-ին՝ 540, 2022-ին՝ 1393, այսինքն՝ 2020-ի համեմատ այդ թիվը մոտ 10 անգամ բարձր է»,- ասաց Սլավիկ Սարգսյանը և ընդգծեց, որ դիմումների, ահազանգերի թվի աճի պատճառներից մեկն իրազեկվածության բարձրացումն է, այսինքն՝ քաղաքացիներն ավելի հաճախ են սկսել դիմել կառույցին իրավունքների խախտումները վերականգնելու պահանջով:

Պաշտոնյան նաև նշեց, թե որ դեպքերում են քաղաքացիները դիմում տեսչական մարմնին. հիմնական պատճառներն են աշխատավարձը չվճարելը, ուշ վճարելը, վերջնահաշվարկ չկատարելը, անօրինական գործից ազատելը:

Սլավիկ Սարգսյանը նաև մանրամասնեց, թե ինչ իրավունքներ ունեն տոնական օրերին աշխատողները:

«Նախատոնական օրերին, այսինքն՝ տոնի նախորդ օրը, նախատեսվում է 1 ժամ աշխատանքը շուտ ավարտել, իսկ տոնական օրվա համար, հստակ թվով չեմ հիշի՝ կրկնակի՞ է, թե՞ հավելյալ, բայց նախատեսվում է հավելյալ վճար»,- ասաց նա:

Պաշտոնյան նաև նշեց, որ ամենաշատ խախտումները գրանցվում են շինարարության ոլորտում, որտեղ մեծ է չգրանցված աշխատողների թիվը:

 

  • Կիսվել: