ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ համակարգողը ԱԺ-ում աշխատանքի է անցել․ «Հրապարակ»

Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ համակարգողը ԱԺ-ում աշխատանքի է անցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Ներսես Խաչատրյանը հանրությանը հայտնի դարձավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ կարած գործից։ Մասնավորապես, նրա ջանքերով էր, որ մի քանի գորիսեցի կեղծ ցուցմունքներ էին տվել Առուշանյանի դեմ, հետո նրանցից մեկը դատարանում խոստովանեց․ «Ներսեսը խելքներս կերավ, մեզ գցեց սրա մեջ»։ Խաչատրյանը վերջերս հաճախ է լինում ԱԺ-ում։

Տեղեկություններ կան, որ նա ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի օգնական է նշանակվել։ Մեր զանգերին Ներսես Խաչատրյանը չպատասխանեց։ Պարզվեց՝ օգնականը նաեւ գրասենյակ ունի, որի մասին տեղեկացանք ՔՊ-ական շրջանակներից։ Փորձեցինք այդ գրասենյակից պարզել, թե ինչու է Խաչատրյանը հաճախ լինում խորհրդարանում, նշանակվե՞լ է արդյոք պատգամավորի օգնական, թե՞ այլ պաշտոն ունի։

«Ներսես Խաչատրյանի գրասենյակից» փոխանցեցին, որ մեկնաբանություն չունեն, ոչինչ ասել չեն կարող։ Ներսես Խաչատրյանի՝ խորհրդարանում հայտնվելն ուշագրավ է՝ հաշվի առնելով վերջինիս քրեական անցյալը։ 2010թ. նոյեմբերի 1-ի դատավճռով Ներսես Քաջիկի Խաչատրյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար: Վերաքննիչ դատարանն էլ որոշել է պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով: Դրանից հետո էլ որպես «Իրավաբան» ՍՊԸ-ի տնօրեն է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: