ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները․ «Հետք»

Արթուր Բաղդասարյանի գործարանը չի վճարում գյուղացիներից նախորդ տարի մթերած խաղողի գումարները․ «Հետք»

Աբրահամ Գենջոյանը դեռ նախորդ տարվա հանձնած խաղողի գումարը չի ստացել: Հույս էլ չունի որ կստանա, թեև պայմանագրով նախատեսված էր, որ մայիսին պետք է գործարանը վճարեր: 120 դրամով 7,5 տոննա խաղողը հանձնել է Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում գտնվող «Հայասի» գործարանին: Գրում է «Հետքը»։

«Ամեն անգամ մեզ խաբել են՝ էսօր կտանք, էգուց կտանք: Հավաքվեցինք, գնացինք գործարան, դժգոհեցինք, ոստիկաններ եկան, մեզ համոզեցին, թե գնացեք, սեպտեմբերի վերջ կեսը կվճարեն, մնացածն էլ հոկտեմբերի սկզբին: Թողեցինք, եկանք տուն, բայց գումարները չենք ստացել»,-ասում է Ա. Գենջոյանը:

Աբրահամ Գենջոյանը 8000 քմ խաղողի այգի ունի Արմավիրի մարզի Խանջյան գյուղում, որից 3000 քմ այս տարի անտերության է մատնել: Չի ոռոգել, որևէ ծախս չի արել, որ գոնե ոռոգման ջրի գումար չվճարի: Ասում է՝ խաղողի մշակությունը վնասով են իրականացնում: Մեծ դժվարությամբ են խաղողի մթերման պայմանագրեր կնքում, իսկ ում հետ էլ հաջողվում է պայմանագիր կնքել՝ գումարները տարիներով չեն վճարում:

Այս տարի ևս ստիպված «Հայասի» գործարանին է հաձնել խաղողի բերքը, քանի որ այլ գործարանների հետ պայմանագիր կնքել չի հաջողվում:

Աբրահամ Գենջոյանը պատմեց, որ նախկինում գործարանները միայն գյուղացիների հետ էին գործ ունենում: Վերջին տարիներին հայտնվել են «միջնորդներ», ովքեր կապեր ունեն գործարաններում: Կնքում ենք 50-60 տոննայի պայմանագրեր, գյուղացիներից խաղողը գնում են 80 դրամով ու գործարանին հանձնում՝ 120 դրամով: Այն գյուղացիները, ովքեր պայմանագրեր չունեն, ստիպված համաձայնում են այդ պայմանին՝ վնաս կրելով:

«40-50 հազ. դրամ տալիս ենք խաղողը բեռնատարով գործարան հասցնելու համար, 7 հոգի բանվոր ենք բերում՝ 7000 դրամով, դրան ավելացնում ենք նաև սնունդը: Ստացվում է դաշտում մոտ 1,5 տոննա խաղող արդեն դուրս ենք տալիս, մնացածն էլ հանձնում ենք ու փող չենք ստանում: Լավ, բա ես ինչո՞վ հող ու ջրի վարձ վճարեմ, ոնց ապրեմ: Էլ չեմ ասում, թե մեկ տարվա ընթացքում ինչքան աշխատանք ենք կատարում այգում, ինչքան թունաքիմիկատ ենք առնում»,-ասում է Ա. Գենջոյանը և հավելում, որ Խանջյանում իր նման ևս 30 հոգի կա, ովքեր չեն ստացել նախորդ տարիների խաղողի գումարը:

Ոչ միայն Խանջյանի, այլև մարզի Աղավնատուն, Արագած գյուղերի խաղողագործները սպասում են նախորդ տարվա խաղողի գումարներին: Նրանք ևս հանձնել են «Հայասի» գործարանին ու անհույս սպասում են: Հարկ է նշել, որ առաջին տարին չէ, երբ «Հայասին» խախտում է պայմանագրային պարտավորությունները և գյուղացիներին ժամանակին չի վճարում:

Էկոնոմիկայի նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ սեպտեմբերի 13-ի դրությամբ 2022թ. մթերած խաղողի դիմաց գործարանների պարտքի չափը կազմում է 223 մլն 400 հազ. դրամ, որից միայն 150 մլն դրամը բաժին է ընկնում «Հայասի գրուպ» ՍՊԸ-ին:

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ից: Ընկերության աշխատակիցներն օրեր շարունակ այդպես էլ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Այցելեցինք նաև գործարան: Անվտանգության աշխատակիցը, իմանալով այցի նպատակը, որ ցանկանում ենք պարզաբանումներ ստանալ մթերումների ու խաղողագործներին ունեցած պարտքերի մասին, ասաց՝ ղեկավար կազմից որևէ մեկը տեղում չէ: Խնդրեցինք վերջիններիս հեռախոսահամարը՝ պարզաբանումներ ստանալու նպատակով: Առանձին սենյակում փորձում էր ստանալ թույլտվություն՝ հեռախոսահամարը փոխանցելու համար, այնուհետև վերադարձավ և հայտարարեց, որ իրավասու չէ հեռախոսահամար փոխանցել:

Այսինքն՝ «Հայասի Գրուպ» ընկերությունը հրաժարվեց պարզաբանումներ ներկայացնել, թե ինչու չի կատարում պայմանագրային պարտավորությունները և ինչու չի վճարում խաղողագործների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:

Մինչ սպասում էինք, որ աշխատակիցը հեռախոսով ճշտումներ իրականացներ, նկատեցինք փակցված հայտարարությունը: Այս տարվա մթերած խաղողի դիմաց գյուղացիներին վճարվելու է մինչև 2024թ. օգոստոսի 20-ը:

Ու՞մ է պատկանում «Հայասի Գրուպ» ընկերությունը

Ընկերությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 2010թ. ապրիլի 16-ին՝ միակ սեփականատեր, այդ ժամանակ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կողմից: Ընկերության իրավանախորդը եղել է «Գոլդեն Գրեյփ Գրուպ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը նույնպես եղել է Արթուր Բաղդասարյանը:

Այժմ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերը «Գավեքս Գրուպ» ՍՊԸ-ն է:

Ուշագրավն այն է, որ «Գավեքս Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2008թ. սեպտեմբերին՝ Արթուր Բաղդասարյանի կնոջ՝ Աննա Բաղդասարյանի կողմից: Վերջինս ընկերության միակ փայատերն է եղել մինչև 2010թ. ապրիլի 15-ը: Նույն տարվա ապրիլի 16-ից մինչ օրս ընկերության միակ սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է:

Այսինքն՝ փաստացի «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի սեփականատերը նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արթուր Բաղդասարյանն է:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: