երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ. ԿԳՄՍՆ

Մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ. ԿԳՄՍՆ

ՀՀ կառավարության որոշմամբ հանրակրթական ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում կատարվել են փոփոխություններ:

ԿԳՍՄՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ ուսուցիչների վերապատրաստումներն այսուհետ իրականացվելու են 12 առանձին բաժիններով, որոնցից յուրաքանչյուրը նկարագրում է ուսուցչի մասնագիտական գործունեության ձևերը։

Վերապատրաստման չափորոշչով յուրաքանչյուր մասնագիտական գործունեության ձևի մասով սահմանվել են հետևյալ չորս մակարդակները.

 
  1. ՏԱՐՐԱԿԱՆ - երբ ուսուցիչը գիտի և հիմնականում կարողանում է դրսևորել անհրաժեշտ կարողություններ։
  2. ՁԵՌՆԱՀԱՍՈՒԹՅԱՆ - այս մակարդակն իր մեջ ներառում է նաև տարրական մակարդակը. ուսուցիչը գիտի, կիրառում է իր գիտելիքն ու հմտությունները և ստեղծագործաբար մոտենալով՝ կարողանում է լուծումներ գտնել, դրսևորել նշված կարողությունները՝ գործելով ըստ իրավիճակի նպատակահարմարության։
  3. ՏԻՐԱՊԵՏՄԱՆ - ուսուցիչը կարողանում է նաև աջակցել այլ ուսուցիչներին՝ իրենց կարողությունների բարելավման ուղղությամբ՝ հանդես գալով իբրև վերապատրաստող, մենթոր։
  4. ՓՈՐՁԱԳԵՏԻ - ուսուցիչը հանդես է գալիս մանկավարժական գործունեության նոր մոտեցումների մշակման և ներդրման առաջարկություններով, իրականացնում է հետազոտական ակտիվ աշխատանք ինչպես սեփական, այնպես էլ մանկավարժական գործունեության բարելավման ուղղությամբ։

Յուրաքանչյուր հաջորդ մակարդակում ուսուցիչը պետք է տիրապետի նաև նախորդների վերջնարդյունքներին։

Ուսուցիչների մասնագիտական զարգացման վերապատրաստումներն իրականացվում են առկա կամ հիբրիդ կամ հեռավար եղանակով։ Կազմակերպվող ծրագրի իրականացման համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (ակադեմիական ժամ)՝

ա) տարրական և ձեռնահասության մակարդակներ՝ 228 ժամ, որից 90 ժամը հատկացված է առարկայական գիտելիքների զարգացմանը։

բ) տիրապետման մակարդակ՝ 72 ժամ։

գ) փորձագետի մակարդակ՝ 36 ժամ։

Տարրական և ձեռնահասության մակարդակներին համապատասխան իրականացվում է մեկ վերապատրաստում, տիրապետման և փորձագետի մակարդակներին համապատասխան՝ առանձին վերապատրաստումներ։

Ուսուցիչն ինքնագնահատման միջոցով որոշում է, թե վերապատրաստման յուրաքանչյուր բաժնից որ մակարդակի վերապատրաստմանն է ցանկանում մասնակցել։ Ուսուցչին գնահատում է նաև տնօրենը, և արդյունքում ձևավորվում է ուսուցչի կարիքը՝ ըստ բաժինների։ Գնահատումն իրականացվում է դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում հարցաթերթիկի միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։

Տնօրենի և ուսուցչի կողմից կարիքի գնահատման անհամաձայնության դեպքում բարդության համապատասխան մակարդակի վերապատրաստումներին մասնակցելու համար հիմք է ընդունվում տնօրենի կողմից իրականացված՝ տվյալ ուսուցչի կարիքի գնահատումը:

Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան՝ ուսուցիչը մասնակցում է տվյալ մակարդակի վերապատրաստումներին։

Վերապատրաստող կազմակերպություններն ինքնուրույն են որոշում այն բաժինը (ները), վերապատրաստման մակարդակը և եղանակը, որի վերապատրաստումը ցանկանում են իրականացնել։

Մինչև վերապատրաստվողի դպրոցի հետ վերապատրաստման պայմանագիր կնքելը կազմակերպությունը դիմող ուսուցչի համար կազմակերպում է վերապատրաստման մակարդակին վերապատրաստվողի համապատասխանության հայտորոշիչ գրավոր ստուգում։ Այն կազմակերպվում է տիրապետման և փորձագետի մակարդակների ժամանակ՝ տվյալ մակարդակին նախորդող մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան։

Տարրական և ձեռնահասության մակարդակների վերապատրաստումից առաջ հայտորոշիչ աշխատանք չի իրականացվում։

Տիրապետման մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է ձեռնահասության մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։

Փորձագետի մակարդակի վերապատրաստումից առաջ իրականացվում է տիրապետման մակարդակի վերջնարդյունքներին համապատասխան հայտորոշիչ աշխատանք։

Եթե վերապատրաստվողը չունի նախորդ մակարդակին համապատասխան գիտելիքներ, ապա վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին չի ընդգրկում վերապատրաստվողների ցուցակում և չի կնքում համապատասխան պայմանագիր դպրոցի հետ։

Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը չի իրականացնում վերապատրաստվողների գիտելիքների ամփոփիչ ստուգում։

Վերապատրաստման ավարտից հետո վերապատրաստող կազմակերպությունը վերապատրաստվողին տալիս է տեղեկանք վերապատրաստման տևողության, վերապատրաստվողի բացակայությունների և վերջնարդյունքներին համապատասխան կարողությունների զարգացման մասին։

Վերապատրաստման ավարտից հետո նախարարության կողմից իրականացվում է վերապատրաստվածների ամփոփիչ արտաքին գնահատում։

Ամփոփիչ արտաքին գնահատման արդյունքների և վերապատրաստման մասին վերապատրաստող կազմակերպության տեղեկանքի հիման վրա վերապատրաստվողը ստանում է համապատասխան կրեդիտ։

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ մեթոդական ուղեցույցը և տեսաբացատրությունը հետևյալ հղմամբ։

Հավելենք, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման գործընթացը կարգավորվում է հետևյալ իրավական ակտերով՝

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը սահմանելու մասին» N 1667-Ն որոշում,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 168-Ն հրաման, որով  նոր խմբագրությամբ է շարադրվել ուսուցչի մասնագիտական չափանիշների հավելվածը,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 648-Ա/2 հրաման, որով  նոր խմբագրությամբ է շարադրվել ուսուցիչների վերապատրաստման չափորոշչի և օրինակելի ծրագրի հավելվածը։

  • Կիսվել: