հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արտամարմնային բեղմնավորում` ևս մեկ բժշկական կենտրոնում

Արտամարմնային բեղմնավորում` ևս մեկ բժշկական կենտրոնում

Արտամարմնային բեղմնավորում` ևս մեկ բժշկական կենտրոնում. ծրագրի շահառուների թիվը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ 8 անգամ ավելի է: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

«Այս աննախադեպ աճով պայմանավորված թողունակությունը ապահովելու և ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով` պետական ծրագիրը կգործի նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ կատարած այցի ընթացքում շրջել է ծննդատանը, եղել Պտղի բժշկության կենտրոնում, ինչպես նաև այն հատվածում, որտեղ նախատեսվում է ծավալել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժծառայություն:

Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև բուժաշխատողների համար ներդրվող լիցենզավորման համակարգին` ևս մեկ անգամ շեշտելով առողջապահական ծառայությունների որակի բարձրացման, բուժաշխատողների գործնական հմտությունների կատարելագործման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում կարևորվել է բժշկական սիմուլյացիոն կենտրոնների ստեղծման հնարավորությունը, որը կապահովի մասնագետների և կլինիկական օրդինատորների գիտելիքների ստուգման իրատեսական միջավայր` առանց իրական պացիենտներին վնաս պատճառելու վտանգի: Այն վճռորոշ դեր ունի պացիենտների անվտանգության բարելավման, բուժաշխատողների պատրաստման գործում` կլինիկական պրակտիկայի բարդություններից խուսափելու տեսանկյունից»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: