երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտակարգ դեպք․ ՇՄ նախարարության բաժնի պետը հրացանով կրակել է շան վրա, հետո տեղափոխվել է հիվանդանոց

Արտակարգ դեպք․ ՇՄ նախարարության բաժնի պետը հրացանով կրակել է շան վրա, հետո տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ 65-ամյա Ռադիկ Վ․-ն և հայտնել, որ ինքը ընկերություններից մեկի պահակն է, ՍՊԸ-ի տարածք են մուտք գործել անհայտ մակնիշի մեքենայով 3 քաղաքացի, որոնցից մեկի վրա շունը հարձակվել է և կծել, վերջիններս էլ զենքով կրակել են շանը:

Ահազանգի վայր են մեկնել ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 17։00-ին Երևանի բնակիչ 39-ամյա Գեղամ Մ․-ն, Արարատի մարզի բնակիչներ 44-ամյա Սամվել Ս․-ի և 44-ամյա Վահե Մ․-ի հետ, իր կողմից վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով մուտք են գործել ընկերության տարածք ավտոմեքենայի խափանման պատճառով օգնություն խնդրելու համար, որտեղ շունը հարձակվել է Գեղամ Մ․-ի վրա և կծել նրան`աջ թևի շրջանում պատճառելով վնասվածքներ, ինչից հետո վերջինս վերցրել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկում քանդված վիճակում գտնվող, իր անվամբ հաշվառված «ԻԺԿ» մոդելի, 1 փողանի 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացանով կրակել է: Գեղամ Մ․-ն շան կծելու հետևանքով ստացած «Աջ թևի պատռած վերք» մարմնական վնասվածքով դիմել է «Վայքի բուժմիաորում» ՓԲԸ:

 

Դեպքի փաստով ոստիկանության Վայքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք հրացանի հետ միասին փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով Գեղամ Մ․-ն ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում  է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունում որպես բաժնի պետ։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: