Արտակարգ դեպք Երևանում. Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված «Volkswagen»-ի և «Toyota»-ի վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցի 7 հասցեի դիմաց ծառի մի հատված կոտրվել է, ընկել ավտոմեքենաների վրա և փակել է երթևեկելի գոտին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Կարապետ Բետլեմյանն ու կրտսեր պարեկ Արթուր Արզումանյանը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն կոտրված ծառի այդ հատվածն ընկել է կայանված «Volkswagen» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վրա։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։



