կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտակարգ դեպք Երևանում. խորհրդային արտադրության ավտոմեքենան, որն առևանգել էին, հարվածել է ծառին ու վթարվել

Արտակարգ դեպք Երևանում. խորհրդային արտադրության ավտոմեքենան, որն առևանգել էին, հարվածել է ծառին ու վթարվել

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ իր աշխատանքի վայրից գողացել են իրեն պատկանող ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենան:

Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Բարեյանի գլխավորությամբ մինչ պարզում էին դեպքի հանգամանքները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի ու նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Խուդինյանի և պարեկ Վարուժան Ենգիբարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված ավտոմեքենայի երթուղին եղել է դեպի Թամանցիների փողոց։

Պարեկների մի մասը ժողովրդին հայտնի «Տեցի Կռուգ»-ից, մի մասն էլ Գործարանային մետրոյի կողմից գալիս են Թամանցիների փողոց, որտեղ ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, ծառին բախված, հայտնաբերում են առևանգված ավտոմեքենան՝ վթարված վիճակում։

Տեղում պարեկներն ու Շենգավիթի ոստիկանները սահմանազատել են տարածքը և սպասում են, մինչև կժամանի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։

Գ. Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները արդեն ենթադրյալ կասկածյալի արտաքին տվյալներն ու նրա մասին որոշ տեղեկություններ օպերատիվ ճանապարհով ձեռք են բերել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

  • Կիսվել: