ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքը հավատացյալներին՝ Խաչվերացի առթիվ

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքը հավատացյալներին՝ Խաչվերացի առթիվ

Պատրա՛ստ եղիր մահվամբ հատուցել, քան թե մի նշանախեց անգամ նահանջել: Սա է ճանապարհը Խաչի, որ պսակվում է հարությամբ ու հաղթանակով։ Այս մասին սեպտեմբերի 13-ին, Խաչվերացի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցված պատարագին հավատացյալներին ուղղված խոսքում ասել է Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Տոնի խորհուրդն առնչելով ներկա կյանքի զարգացումներին՝ նա նշել է.

«Նյութակենտրոն աշխարհում մարդկային պատկերացումները, վարքագիծն ու հարաբերությունները, վերջին հաշվով նաև պետությունների քաղաքականությունը, կառուցվում են առօրեական հաշվենկատությամբ՝ ուղղված այլոց նկատմամբ առավելության հաստատմանը, ազդեցության ընդլայնմանը և կամ աշխարհաքաղաքական հավակնությունների բավարարմանը: Մինչդեռ քրիստոնյայի համար խաչն է իմաստն ու նպատակը կյանքի, որը անբաժանելիորեն միացած է Անմահ Խաչյալին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Եվ ուրեմն` լինել Քրիստոսի հետևորդ` նշանակում է լինել Խաչի ուխտավոր: Քրիստոս հավատարիմ եղավ ու մնաց իր առաքելությանը նույնիսկ ճակատագրականորեն ծանրագույն պահերին, երբ, կարծես թե, անգամ Աստված էր լքել Նրան»:

Ապա շարունակել է. «Իրավ է ասված՝ յուրաքանչյուրը վճարում է իր ընտրության համար: Քրիստոս ինքը կատարեց ընտրությունը Խաչի ճանապարհի և դրա համար հատուցեց իր կյանքով, ինչպես Սուրբ Գիրքը կասեր. «Խմեց դառնության բաժակը մինչև վերջ» (հմմտ. Մտթ. 20։22): Վճարեց, որովհետև համոզված էր իր առաքելության Աստվածայնությանը, իր նպատակի բյուրեղայնությանը: Տիրոջ վճարած արյան շնորհով մենք ստացանք փրկություն։ Ավելի քան որևէ խոսք՝ Տիրոջ չարչարանքն ու մահն են անսուտ վկայությունը Նրա առաքելության ճշմարտության: Եվ այս համոզումն է ոգեշնչում մարդկանց դառնալու հետևորդը Քրիստոսի և ուխտավորը Խաչի։ Ցանկանո՞ւմ ես լծակիցներ ու համախոհներ ունենալ առաքելությանդ ու գաղափարիդ, ուրեմն դու առաջինը դարձիր ջահակիրն ու նահատակը դրա: Պատրա՛ստ եղիր մահվամբ հատուցել, քան թե մի նշանախեց անգամ նահանջել: Սա է ճանապարհը Խաչի, որ պսակվում է հարությամբ ու հաղթանակով»,- ասել է Գերաշնորհ Հայրը:

 

  • Կիսվել: